Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Քանաքեռի տաճարի ճակատագրի հեգնանքը

Ստանալ կարճ հղումը

Եկեղեցու շինարարությունը որևէ արտառոց բանով աչքի չէր ընկնում, այդուհանդերձ, տաճարը չափազանց յուրօրինակ է

Անի Լիպարիտյան, Sputnik.

Ամբողջ աշխարհի ուղղափառ քրիստոնյաները հունվարի 7-ին նշում են Սուրբ Ծնունդը: Հայաստանի ռուսական ուղղափառ գլխավոր եկեղեցում հինգշաբթի անցկացվեց հանդիսավոր պատարագ: Տաճարի շենքը ժամանակին ծառայում էր որպես մշակույթի տուն, այստեղ անցկացվում էին պարի երեկոներ:

Асатур Есаянц
Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանց

Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցու ավագ երեց Արսենի Գրիգորյանցը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեց մի քանի հետաքրքիր փաստ` կապված եկեղեցու հետ:

– Եկեղեցին հիմնադրվել է 1912 թվականին: Առաջին եկեղեցական արարողությունն անցկացվել է 1916 թվականին: Երբ վանքը փակվեց, այն սկսեց ծառայել դաշնակների համար որպես հոսպիտալ: Այնուհետև այն մի շարք փոփոխություններ կրեց. խորհրդային տարիներին ավերվեցին գմբեթն ու զանգակատունը, վանքը վերածվեց Մշակույթի տան ու կինոթատրոնի:

Асатур Есаянц
Եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես Մշակույթի տուն

Ավագ տարիքի մարդիկ պատմում էին, որ հիշում են, թե ինչպես էին այստեղ մարդիկ պարում:

Կա ևս մեկ հետաքրքիր պատմություն. Հայաստան էր եկել տարեց մի ղազախ, ով այստեղ ծառայել էր 60-ականներին: Նա Հայաստանի նախագահին նամակ էր գրել` իր զինվորական ծառայության անցկացման վայրն այցելելու խնդրանքով:

Նախագահն արձագանքել էր նրա խնդրանքին, նրան օգնել էին Հայաստան գալ: Նա այցելեց մեր եկեղեցի այն ժամանակ, երբ Մշակույթի տան հին ջահն էին հանում, ու շինարարություն էր ընթանում:

Асатур Есаянц
Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին

Մտավ տաճար, տեսավ այդ ջահն ու լաց եղավ: Ղազախն այստեղ կինոմեխանիկ է եղել, զինվորներին ֆիլմեր է ցուցադրել: Նա հին լուսանկար բերեց, որն այժմ գտնվում է մեր արխիվում:

Երիտասարդ մեխանիկի պատկերով հենց այդ լուսանկարն է հրապարակվել «Քանաքեռի կանթեղ» ("Канакерская лампада") եկեղեցական բրոշյուրում: Նա պատմեց մեզ, թե ինչպես է այստեղ ծառայել, ֆիլմեր ցուցադրել:

Асатур Есаянц
«Քանաքեռի կանթեղ» եկեղեցական բրոշյուրը

Եկեղեցու պատմությունը սկիզբ է առնում 20-րդ դարի սկզբից, երբ ռուս կայսր Նիկոլայ Երկրորդը ճարտարապետների առջև խնդիր դրեց` նախագծել ոչ թանկ, ոչ մեծ, սակայն շատ մարդ տեղավորող տաճար զինվորների համար։

Արդյունքում, ինչպես տեսնում եք, մենք յուրահատուկ տաճար ունեցանք: Սովորաբար ուղղափառ եկեղեցիները կառուցում են այնպես, որ դրա բարձրությունն ավելի լինի, քան լայնությունը: Իսկ մեր եկեղեցին այնքան էլ բարձր չէ, սակայն հիմքի մոտ լայն է:

Հենց այդպես է եղել զինվորական եկեղեցու տիպային նախագիծը: Այն նախագծել է Ֆյոդր Վերժբիցկին։ Արդյունքում 1902-ին կայսրը ստորագրեց զինվորական եկեղեցի կառուցելու նախագիծը։ Այս նախագծով են կառուցել մի շարք եկեղեցիներ, ներառյալ Սուրբ Աստվածածին վանքը:

Асатур Есаянц
Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին

Նմանատիպ տաճար կա նաև Գյումրիում: Դա Արսենի Սերբսկու նախկին եկեղեցին է, որն այժմ չի գործում, քանի որ այնտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Նմանատիպ եկեղեցիներ կան նաև Բաքվում, Արևմտյան Հայաստանի տարածքում և Ռուսաստանի Պսկովի շրջանում:

Քանաքեռում այս վանքի հետ համատեղ կառուցվել է վեց շենք՝ սպաների, հոգևորականների տներ ու զորանոցներ:

Մենք վերջերս նշեցինք վանքի հիմնադրման հարյուրամյակը, շուտով էլ կնշենք հարյուրամյակն այն պահից, երբ սկսեց գործել եկեղեցին, որը վերաօծվեց 1991 թվականին: Մինչ այդ հայտնի չէր, թե որ տոնի առիթով է առաջին անգամ օծվել եկեղեցին։

Եկեղեցին վերաբացվեց Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին: Եվ այսօր այն կոչվում է Աստվածածին: Շատ տարիներ անց միայն մենք իմացանք, որ նա ի սկզբանե նույնպես օծվել էր որպես Աստվածածին:

Այսօր մենք նշում ենք Սուրբ Ծնունդը: Մեզ մոտ հաղորդություն ստացան հարյուրավոր երեխաներ, երգեցին, հետո նվերներ ստացան: Սուրբ Ծնունդը մանկական տոն է` Աստծո զավակի ծննդյան տոնը:

Асатур Есаянц
Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցին