Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Խոզի գրիպն ախտորոշելու մի քանի պարզ հարց

Ստանալ կարճ հղումը

Նկատի ունենալով, որ Հայաստանում սուր վարակիչ հիվանդությունների թվի աճ կա, հանգստյան օրերին պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն

Գոհար Սարգսյան, Sputnik

Երկու օր առաջ 5 տարեկան Նելլին արթնացավ ու գանգատվեց կոկորդի ցավից: Հետո սկսեց հազալ, որն ավելի ու ավելի հաճախակի դարձավ: Տեղեկանալով, որ այսօր՝ հունվարի 9-ին, տեղամասային պոլիկլինիկայի դռները բաց են, մայրը դստեր ձեռքը բռնեց ու շտապեց մանկաբույժի մոտ:

— Բերանդ բացիր, տեսնեմ…երեխայի կոկորդը կարմրած է: Դեռ դեղ չեմ նշանակում. առատ հեղուկներ թող խմի, եթե ջերմությունը բարձրանա, ու թուլություն նկատեք, անմիջապես զանգահարեք:

Բժշկուհին զննում է հիվանդ երեխային

Մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը ճանապարհեց հիվանդին ու անդրադարձավ պոլիկլինիկայում այս օրերին տիրող իրավիճակին: Օրինակ երեկ՝ հունվարի 8-ին, թիվ 20 պոլիկլինիկա է այցելել ավելի քան 180 քաղաքացի, նրանցից 154-ը՝ սուր վարակիչ հիվանդություններով: Այսօր առավոտյան այցելությունները շարունակվում էին:

«Քաղաքացիների մոտ խուճապային իրավիճակ է, որը կապված է հիվանդության բարդության հետևանքով մահվան դեպքերի մասին լուրերի հետ: Առաջին օրը երեխան ջերմում է, ծնողները խառնվում են ու արագ գալիս այստեղ: Մի կողմից դա լավ է, քանի որ վերահսկողությունն է ուժեղանում»,-ասում է մանկաբույժը:

Հայաստանում սուր վարակիչ հիվանդությունները տարածվեցին լույսի արագությամբ: Առողջապահության ոլորտի պատասխանատուներն ասում են՝ համաճարակ չկա, բայց դրա շեմին ենք: Դրա համար էլ դպրոցական արձակուրդը երկարաձգվեց, իսկ պոլիկլինիկաները տոնական օրերին աշխատեցին արտակարգ ռեժիմով:

«Այս տարի գրիպով հիվանդ մեկ հղի ենք ունեցել, որին առաջարկել ենք ստացիոնար բուժում, սակայն նա հրաժարվել է: Հիմա մեր ձեռքի տակ է պատրաստի գրված ուղեգիրը. երբ ցանկանա, կկարողանա հոսպիտալացվել: Ինչ վերաբերում է բարդ դեպքին, ապա 17 տարեկան երիտասարդը հիվանդացել է ջրծաղիկով, որը բարդացել է թոքաբորբով: Հիմա նա Նորքի ինֆեկցիոնում բուժում է ստանում»,-ասում է թիվ 20 պոլիկլինիկայի բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը:

Քաղաքացիներին հատկապես անհանգստացնում է H1N1-ը կամ բոլորին հայտնի «խոզի գրիպը»: Այս թեմայով որոշ լրատվամիջոցներ թեժացնում են իրավիճակը, իսկ ոլորտի պատասխանատուները՝ շտապում մարել «կրակը»՝ մեջբերելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը՝ H1N1-ը գրիպի ենթատեսակ է:

© Sputnik / Асатур Есаянц
Գրիպով հիվանդները պետք է որոշակի կանոններ պահպանեն

«Հասկանալու համար «խոզի գրիպի» հավանականություն կա, թե ոչ, հիվանդին մի քանի հարց ենք ուղղում. Արդյո՞ք ունի 38-ից բարձր ջերմություն, չոր հազ, մկանային ցավ, գլխացավ, քթարտադրություն և թուլություն: Եթե պատասխանները դրական են, ապա ուղեգրում ենք հիվանդանոց, որտեղ կատարվում են համապատասխան հետազոտություններ»,-ասում է մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը:

Մասնագետները հիշեցնում են, որ գրիպը լուրջ հիվանդություն է և «պետք չէ դրան նայել մատների արանքով»: Եթե բարձր ջերմությունը, հազը, փսխումը տևում է 2 օրից ավելի, անհապաղ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Ի դեպ, երևանյան պոլիկլինիկաներում ջեռուցման խնդիր կա: Մեր ֆոտոխցիկը ֆիքսեց ջեռուցման սարքը, որը տաքացնում էր մի ամբողջ հարկի միջանցքը: Պոլիկլինիկա այցելելով հիվանդ երեխաները հավելյալ կարող են մրսել չջեռուցվող առողջապահական առաջնային օղակներում:

Պոլիկլինիկան ջեռուցող տաքացուցիչը

Վերջին տվյալով՝ հունվարի 9-ին հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219-ը` թոքաբորբով: 7 հիվանդ միացված է արհեստական շնչառական սարքին. Նրանցից մեկը հղի է: