Հայաստան
РИА Воронеж

Ամուսինների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը տվյալներ է ներկայացրել անչափահասների կատարած հանցագործությունների և ընտանեկան բռնության դեպքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի, Sputnik. 2015 թվականին անչափահասների կատարած հանցագործությունների թիվը նվազել է 4-ով, իսկ 10-ով նվազել է հանցագործություն կատարած անչափահասների թիվը:

«Մենք այսօր Հայաստանի ավագ դպրոցներից 7-ում ունենք 62 դպրոցական տեսուչ, որոնք բազմաթիվ աշխատանքներ են իրականացնում: 2015 թվականին դպրոցներում տեղի է ունեցել հանցագործության 11 դեպք, երբ անչափահասն անչափահասին մարմնական վնասված է հասցրել»,-ասում է Նելլի Դուրյանը:

Նրա տեղեկացմամբ՝ այսօր ոստիկանները սովորում են ժեստերի լեզուն, որպեսզի հասկանան ոստիկանության տարածքային բաժին այցելած խուլ ու համր քաղաքացիներին:

Նելլի Դուրյանը գոհունակությամբ է նշում, որ ոստիկանությունում ընտանեկան բռնության դեմ վարչություն է ստեղծվել, որի նպատակը բռնության դեպքերի նվազեցումն է:

«2015 թվականին գրանցվել է ընտանեկան բռնության 784 դեպք, որից 150-ի դեպքում քրեական գործեր են հարուցվել, ինչը գերազանցում է 2014 թվականի ցուցանիշներին: Ամուսնու կողմից կնոջ նկատմամբ ընտանեկան բռնության 471 դեպք է գրանցվել, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 65, իսկ ծնողի նկատմամբ 106 դեպք»,-ասում է Նելլի Դուրյանը

Այս տարի ավելացել են նաև տղամարդկանց դեմ կանանց բռնությունները: Այդ խնդրով ոստիկանության բաժին է ներկայացել 15 տղամարդ: Տղամարդիկ հայտնել են ոստիկաններին, որ իրենց վնասվածքներ են հասցրել կանայք։

Նելլի Դուրյանն ասաց նաև, որ շարունակվում են աշխատանքները մուրացիկ-թափառաշրջիկ անչափահասների հայտնաբերման ուղղությամբ: