Հայաստան
© Sputnik / Владимир Федоренко

Հայոց ցեղասպանության թեման` Թուրքիայի խորհրդարանում

Ստանալ կարճ հղումը

Թուրքիայում հայ պատգամավորները հենց երկրի խորհրդարանում խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Թուրքական Իզմիր նահանգում «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն անելու կասկածանքով» ձերբակալվել է Քոջաելի համալսարանի 21 գիտնական:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս երկու դեպքի մասին մանրամասներ է ներկայացնում «Մարմարա» օրաթերթի լրագրող Նաիրա Մկրտչյանը։

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանը հայտարարել է, որ Ցեղասպանության թեման վերաբերում է ոչ միայն հայերին, այլև` Թուրքիային, և այդ պատճառով այս մասին պետք է խոսվի հենց Թուրքիայի խորհրդարանում և ոչ թե այլ երկրների խորհրդարաններում:

«Այլապես ամեն ապրիլի 24-ին սովորական դարձած արտահայտություններով մենք այս թեման մեր գլխից դեն կնետենք»,- խորհրդարանում ասել է Սելինա Դողանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում ապրող իր հայրենակիցներից ոչ ոք չի պատրաստվում դա անել:

Հայազգի պատգամավորը հիշեցրել է, որ 2015 թվականին Էրզրումում կայացած հանրահավաքի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ տեղահանությունը մարդկային հանցանք է:

Թուրքիայում տեղի ունեցած «ինտելեկտուալների ձերբակալությունների» առնչությամբ «Մարմարայի» լրագրողը հայտնել է, որ երեկ նախագահ Էրդողանը կոշտ կերպով պատասխանել է քուրդ ապստամբների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու կոչ հնչեցրած դասախոսներին և հրահանգել նրանց դեմ դատական գործ հարուցել: Արդեն այսօր ոստիկանությունը ձերբակալել է 21 դասախոսի:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին հազար հարյուր քսանութ դասախոս իր ստորագրությունն էր դրել «քրդերի և տարածաշրջանի մյուս ազգերի կանխամտածված սպանությունները և արտաքսումը դադարեցնելու մասին» իշխանություններին ուղված պահանջի տակ: