Հայաստան
© CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone

Ձկնարտադրության ոլորտին մոնոպոլիզացիայի վտանգ է սպառնում

Ստանալ կարճ հղումը

Հայկական տնտեսությունները չեն կարողանում մրցել այլ երկրների ձեռնարկությունների հետ արտադրանքի բարձր ինքնարժեքի պատճառով, կարծում է փորձագետ Արթուր Աթոյանը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Վերջին տարիների ընթացքում արդեն շուրջ 85 ձկարտադրական տնտեսություն փակվել է, ևս 35 կանգնած են փակման եզրին, ասաց «Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Աթոյանը դժգոհություն հայտնեց Գյուղատնտեսության նախարարության աշխատանքից` նշելով, որ վերջին տարիներին չեն լուծվում ձկնարտադրական տնտեսությունների առջև ծառացած խնդիրները` ջրի ու կերի գները, ինչպես նաև արտահանման խնդիրը:

«Ձկնարտադրական տնտեսությունների զարգացման հիմնական խոչընդոտներն են ջրի ու կերի գները: Անհրաժեշտ է որևէ քայլ ձեռնարկել, որպեսզի արտադրանքի ինքնարժեքը նվազի», — ասում է Աթոյանը:

Նա հիշեցրեց, որ երբ 2013 թվականին արգելեցին ջրի գնման արտոնյալ պայմանները, ձկնարտադրական տնտեսություններին դրա փոխարեն ոչ մի բան չառաջարկեցին, ինչը բավական վատ դրության մեջ է դրել նրանց:

Աթոյանի կարծիքով՝ այդ ամենը տանում է դեպի մոնոպոլիզացիա: Նա պնդում է, որ խոշոր տնտեսությունները վնասով են աշխատում, սակայն հույս ունեն, որ փոքր ու միջին տնտեսությունների սնանկացումից հետո տեղական շուկայում մոտոպոլիզացիայի հաշվին «կկարողանան լրացնել բացը»:

Նա պնդում է, որ ձկնարտադրական տնտեսությունների թվի (234) վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

«2015 թվականի վերջին մենք խոսել ենք 110-120-ի մասին, սակայն ներկա պահին թիվը նվազել է: Այսօր խոսքը 108 տնտեսության մասին է, միայն 2016 թվականին փակվել է 3 ձեռնարկություն», — ասաց Աթոյանը:

Որպես ձկնարտադրական տնտեսությունների քանակի նվազեցման ցուցանիշ, Աթոյանը նշեց կերի ներկրման նվազումը2015 թվականին: Նրա տվյալով՝ 2015 թվականին Հայաստանը 50% ավելի քիչ կեր է ներկրել, քան 2014 թվականին:

Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք այդ տարբերությունը փոխհատուցել են կերի ներքին արտադրողները, Աթոյանը պատասխանեց, որ տեղական արտադրությունը գործարկվել է 2014 թվականին, և գործարարների վստահությանը դեռ չի արժանացել: