Հայաստան
© Photo : ARKA news agency

Պատգամավոր. ՀՀ նախագահը ներկայացրեց նոր սահմանադրությունից բխող մեր պատկերացումները

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան իր նստավայրում հյուրընկալել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներին: ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ներկայացրել է հանդիպման մանրամասները:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նոր սահմանադրությունից բխող, նոր իրողության մեջ մեր պատկերացումները. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտոնյաների հանդիպումից հետո ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«Սա Սահմանադրական բարեփոխումներից հետո ծրագրային հանդիպում էր, և երկրի նախագահը հրավիրել էր բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, ներկայացնում էր այն հիմնական մոտեցումներն ու պատկերացումները, որոնք մենք ունենք սահմանադրական բարեփոխումներից հետո ձևավորված այն իրավիճակում, որն այսօր կա»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի` հանդիպման ընթացքում ներկայացվել են հայկական պետության, հայ ժողովրդին առնչվող բոլոր հարցերի շուրջ ծրագրային կոնկրետ մոտեցումները։

«Հնչել է հորդոր, ուղերձ, որպեսզի մենք հետագայում կարողանանք նոր իրողության մեջ, նոր սահմանադրության պայմաններում շատ արագ կազմակերպել մեր գործունեությունը, հարաբերությունները, ունենանք ավելի լավ ընտրություններ, որպեսզի նոր ԱԺ-ն, որը պետք է ձևավորվի նոր ընտրական օրենսգրքի շրջանակում, կարողանա իրականացնել իր վրա դրված կարևորագույն խնդիրները»,– ասաց Սահակյանը։

Նախագահը շեշտել է, որ բոլորը պետք է ավելի լավ, ավելի արդյունավետ աշխատեն. կանգ առնելու հիասթափվելու, տրտնջալու ժամանակ չկա, որովհետև ամբողջ աշխարհում մարտահրավերները կարծես թե էլ ավելի են բարդացել և ավելի ակտիվացել։ Պատգամավորի կարծիքով` հանդիպումը շատ օգտակար էր նախագահականում գտնվող բոլոր պաշտոնյաների համար, որպեսզի հետագայում նրանց աշխատանքի ընթացքում պատկերացումները, մոտեցումները ավելի հստակ լինեն և կարողանան արդյունավետ աշխատել։

Սահակյանը նշեց, որ հանդիպման ժամանակ նոր նշանակումների, ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական կոալիցիայի ձևավորման մասին չի խոսվել։