Հայաստան
AP Photo/Lefteris Pitarakis

Պատգամավոր. Թուրքիայում նոր Քադաֆի ու նոր Հուսեյն է ձևավորվում

Ստանալ կարճ հղումը

Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե շրջանում հերթական բարբարոսությունն է տեղի ունեցել. թուրք ուժայինները դաժանաբար սպանել են 2 քուրդ կանանց, մերկացրել նրանց ու փողոց նետել։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում այս լուրը մեկնաբանել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Վերջին տարիներին և ընդհանրապես պատմության մեջ ականատես ենք լինում այն փաստի, որ միջազգային հանրությունը հանցագործություններին ուշադրություն է դարձնում այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, ասաց «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը։

«Մենք տեսել ենք, թե 21-րդ դարում օրը ցերեկով Հյուսիսային Քրդստանում ինչպես էին կանանց և երեխաների վաճառում փողոցներում։ Հանրությունն աչք էր փակում այդ փաստերի վրա։ Ոչնչով չեն տարբերվում նաև քուրդ կանանց սպանության փաստերը։ Համոզված եմ, որ ժամանակ պետք է անցնի, որ աշխարհը շրջվի ու ասի` այս ի՞նչ կատարվեց այն ժամանակ, ինչու՞ մենք ուշացանք»,- ասաց Ախոյանը։

Ըստ պատգամավորի` սա այն վայրենության դրսևորման գագաթնակետն է, որոնց մասին հաճախ ենք լսում վերջին շրջանում։ Տվյալներ կան, որ տարբեր վայրերում այրել են միանգամից 30, 32 և 35 հոգու։

«Այսպիսի պատմություններ մենք լսել ենք ցեղասպանության տարիների մասին։ Փաստորեն ոչինչ չի փոխվել նաև հարյուր տարի անց։ Վիճակը շատ լարված է Սուրիում, որտեղ թուրքական իշխանությունը ավարտված է համարում «մաքրություն» կոչվող օպերացիան, բայց փաստորեն դրանից հետո դեռ հանցագործություններ են տեղի ունենում»,- ասաց Ախոյանը։

Պատգամավորը նշեց, որ Թուրքիայի ձեռքերը կտրվեցին Սիրիայից ու Հյուսիսային Քրդստանից, և այսօր ցասումն ու զայրույթը պարզապես թափվում է քրդաբնակ ժողովրդի վրա։

«Թուրքիայում այսօր ձևավորվում է նոր բռնապետ` նոր Քադաֆի, նոր Սադամ Հուսեյն»,- ասաց Ախոյանը։

Սպանված քուրդ կանանց լուսանկարը հայտնվել է համացանցում և բողոքի մեծ ալիք բարձրացրել, սակայն այդ մասին հայտարարություն տարածած` Շըրնաքի քաղաքապետարանը պնդել է, որ այն դիտավորյալ արվել է «շրջանում հաջողությամբ ավարտված գործողությունների վրա ստվեր գցելու համար»: