Հայաստան
© Sputnik / Арменуи Мхоян

30 տարի լարի վրա. լարախաղաց կինը հպարտանում է իր մասնագիտությամբ

Ստանալ կարճ հղումը

Հին Հռոմում, Չինաստանում ու Պարսկաստանում ծնունդ առած ու զարգացած լարախաղացի մասնագիտությունը` որպես թատերական ժանր, տարածվեց նաև միջնադարյան Հայաստանում, այս մասին վկայություններ կան 5-րդ դարից սկսած

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ապարանցի 64 ամյա  Թերեզա Գևորգյանին  լարախաղացության հանդեպ սերն անցել է քեռուց։ Մանուկ հասակում Թերեզայի համար լարախաղացությունը զուտ հաճելի զբաղմունք էր: Նախ՝ միայն պարում էր, ավելի ուշ լարի վրա բարձրանալն ու պարելը դարձավ ապրուստի միջոց, և այսպես 30 տարի շարունակ:

© Sputnik / Арменуи Мхоян
Կին լարախաղացը

Տարիքի հետ արդեն այս փոքրամարմին ու արագաշարժ կինը լարի վրա չի բարձրանում, այլ որպես ծաղրածու հանդիսականներից դրամ է հավաքում, լարի տակ կատակային շարժումներով ընդօրինակում լարախաղացին, համբուրում պատահական հանդիսատեսին։ 64-ամյա կնոջ արագաշարժությունն ու ակտիվությունը նախանձելի են նույնիսկ երիտասարդների համար:

Ավելին, սիրած զբաղմունքը շարունակող աշակերտներ ունի: Ցուցադրությունից հետո լարախաղաց կինը հպարտությամբ նշեց.

«Տեսա՞ր, ինչ արեցի, դե թող իմ նման պարեն՝ 64 տարեկան կին եմ: Վեց տարեկանից եմ պարում, բայց այս խաղով արդեն 30 տարի եմ զբաղվում: 4-5 աշակերտ ունեմ: Մենք միշտ կանք ու կլինենք»:

Չնայած ժամանակները փոխվել են, դրա հետ նաև մարդկանց հետաքրքրություները, սակայն ցանկացած զանգվածային միջոցառման ժամանակ լարխաղացներն իրենց հանդիսատեսն ունեն։

© Sputnik / Арменуи Мхоян
Կին լարախաղացը

Ցավոք, այսօր քիչ են այս գործի նվիրյալները, իսկ միջոցառումների դեպքում հավաքած գումարը երբեմն նույնիսկ ծախսը չի հոգում:

«Որ կանչում են ու փողը տալիս են, լավ է, բայց որ փող չեն տալիս, դրա համար էլ շատ միջոցառումների չենք գնում, մեր արվեստն էլ կորչում է: Պետք է լավ նայեն ու հովանավորեն, որ այս ազգային արվեստն էլ չկորչի: Տեսնու՞մ եք` ինչքան լավ ու հետաքրքիր է, նույնիսկ այս ցրտին զբաղեցնում ու ուրախացնում ենք: Թող մեր ժողովուրդը միշտ հարգի մեր արվեստն ու մեզ՝ լարախաղացներիս»,- այսպիսին են լարախաղաց Թերեզայի ցանկությունները: