ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի խումբ եվրոպատգամավորների մեդալներով պարգևատրելու մասին, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յացեկ Սարիուս-Վոլսկին (Լեհաստան), ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), ԵԽ իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Ժան-Մարի Կավադան (Ֆրանսիա), ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Կնուտ Ֆլեկենշտեյնը (Գերմանիա) և ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Յարոմիր Շտետինայը (Չեխիա)։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Չարլզ Թաննոքը (Միացյալ Թագավորություն) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Հայաստանի և Եվրոպական միության միջև խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Հեյդի Հաուտալան (Ֆինլանդիա) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Հայաստանի և ԵՄ միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն (Լեհաստան) շնորհվել է Մխիթար Գոշի մեդալ:
Հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի և ԵՄ միջև խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը (Կիպրոս) պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: