Հայաստան
© Photo : Press office of the President of RA

Կոալիցիան ձևավորվեց. պատասխանատվությունն ընդհանուր է լինելու

Ստանալ կարճ հղումը

ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հանդես եկան հայտարարությամբ:

«Բավական ծավալուն փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս քայլ առ քայլ համադրել համագործակցությունը երկու կուսակցությունների միջև և նպատակների հասնել: Համագործակցության հիմքում արժեհամակարգերի նմանություններն են, և այդ քաղաքական ուժերի պոտենցիալը պետք է օգտագործել լավագույնս պետակաանշինության գործում»,- ասաց Աշոտյանը:

Աղվան Վարդանյանն իր հերթին նշեց, որ համագործակցության համաձայնագրի տեքստը կհրապարակվի շուտով:

«Երկար աշխատած փաստաթուղթ է, որն անդրադառնում է մեր երկրի բոլոր ոլորտներին: Քաղաքական երկու ուժերը համադրում են նպատակները և Հանրապետության նախագահի վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են մեզ համար: Այս փաստաթղթով մենք կարողանալու ենք մեր երկրում որակական փոփոխությունների ուղի բացել»,- ասաց Վարդանյանը:

Նա հաստատեց, որ Դաշնակցությանն է վստահվում էկոնոմիկայի, տարածքային կառավարման, կրթության և գիտության ոլորտները, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները:

Պատասխանատվությունն ընդհանուր է լինելու, վստահեցրեց Աղվան Վարդանյանը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ նշանակումները կլինեն առաջիկա օրերին: