Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Մշակութային ժառանգությունը փրկված է

Ստանալ կարճ հղումը

Հրդեհը կարող է բռնկվել ցանկացած պահի և ցանկացած վայրում: Կրակն անողոք է. ոչ մեկի չի խնայում: Այս անգամ հրդեհ էր «բռնկվել» ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի երրորդ հարկում:

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Վարժանքների վայրին մոտ բնակվող աղջնակը վազելով մոտեցավ Sputnik Արմենիայի թղթակցին ու զարմացած հայացքով նայեց նրան:

«Չգիտեմ՝ այստեղ ինչ է կատարվում, բայց ես ուզում եմ տուն գնալ: Կարո՞ղ եմ անցնել», — հարցրեց աղջիկն ու հարցական հայացքով նայեց «Կարմիր խաչի» փրկարարներին ու հրշեջներին, ովքեր արդեն օգնություն էին ցուցաբերում հրդեհից «տուժածին»:

Տարհանման ժամանակ վնասվածք ստացած կնոջ ձեռքին վիրակապ դրեցին: Ձեռքի մեջ ապակու կտոր էր մնացել:

Մարտավարական վարժանքների ժամանակ այնպիսի դժբախտ պատահարներ են «բեմադրում», որոնք կարող են նաև իրական կյանքում լինել:

Աղջիկը հենց այդպիսի «դժբախտ պատահարի» ականատեսը դարձավ ու սկզբում չէր էլ հասկանում՝ ինչ է իրականում կատարվել ու ինչու են ծառայության աշխատակիցները դիմակներով կանգնել իրենց տան դիմաց:

«Սա է իմ տունը: Ես գնամ էլի», — թախանձեց նա ու մարդկանց միջով վազեց դեպի տուն:

Այս անգամ հրդեհը «բռնկվել» էր ծառայության շենքում, տնօրենի սենյակի մոտ: Ղեկավարի օգնականը այրվող հաղորդալարերի հոտ էր զգացել ու սկսել էր անմիջապես տարհանել աշխատակիցներին, հետո նաև՝ մշակութային արժեքները:

Քաղպաշտպանության ղեկավարը միանգամից 911 էր զանգահարել ու կանչել հրշեջներին:

Նրանք ժամանեցին 5 րոպե անց, կազմ-պատրաստ, աստիճան դրեցին, հանեցին հրշեջ խողովակն ու սկսեցին մարել կրակը:

Երևանի ՓՎ Կենտրոն բաժնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Կամո Ոսկանյանը նշեց, որ նման միջոցառումների նպատակն է ստուգել աշխատանքի որակը, արտակարգ իրավիճակների ժամանակ փրկարարների ու տարբեր կառույցների աշխատակիցների աջակցման մակարդակը:

«Վարժանքների արդյունքները բարձր եմ գնահատում: Դրանք ցույց տվեցին, որ փրկարարներն ու ծառայության աշխատակիցները կարողանում են փրկարարական համատեղ աշխատանքներ իրականացնել: Ես կարծում եմ, որ ծառայության աշխատակիցները նույնպես լավ աշխատեցին», — ասաց Ոսկանյանը:

Վարժանքների ընթացքում փրկարարները սենյակից դուրս բերեցին ծխի պատճառով գիտակցությունը կորցրած աշխատակցին: Այնուհետև փրկարարները կարողացան դուրս բերել նաև մշակութային արժեքները:

ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը նույնպես բարձր գնահատեց պրոֆեսիոնալների գործողությունները:

«Նման միջոցառումները հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում լիովին պատրաստ լինել, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռնարկել, ստուգել աշխատակիցների պատրաստվածությունն ու հմտությունները, որպեսզի հետագայում լրացնեն բացը», — ասաց Պողոսյանը:

Մասնագետներն ավելացրին, որ նման դեպքերում անհապաղ պետք է զանգահարել 911 ծառայություն ու ձեռքերը ծալած չնստել, եթե որևէ մեկն օգնության կարիք ունի: