Հայաստան
© Sputnik / Владимир Федоренко

Հայերը հիշատակվել են ԻՊ–ի ոճիրները «ցեղասպանություն» որակող ամերիկյան բանաձևում

Ստանալ կարճ հղումը

Հայ դատի հանձնախումբը ողջունել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի ընդունած բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Spitnik. ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը, համապատասխան օրինագիծ ընդունելով, Կոնգրեսին մեկ քայլ մոտեցրել է քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների, ինչպես նաև եզդիների և այլ կրոնական փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հանցագործությունները որպես ցեղասպանություն համարելուն ու դատապարտելուն։ Այդ մասին գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին:

«Հայ դատի հանձնախումբը ողջունում է հանձնաժողովի կողմից 75-րդ բանաձևի ընդունումը և կարևոր քայլ է համարում քաղաքական ընտրությունից մինչև բարոյական հրամայական ցեղասպանության վերաբերյալ մեր կառավարության արձագանքը փոխելու ուղղությամբ»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Մեր դիրքորոշումը ցեղասպանության հարցում պետք է անվերապահ լինի։ Մենք կոչ ենք անում Օբամայի վարչակազմին և Կոնգրեսին հստակ և միանշանակ խոսել այս թեմայով»,- հավելել է նա։

Բանաձևի ընդունումը ճանապարհ է հարթում հարցը Կոնգրեսի կողմից քննարկվելու համար և տեղի է ունենում մարտի 17-ից շաբաթներ առաջ, երբ Օբամայի վարչակազմն ԻՊ-ի կողմից փոքրամասնությունների հանդեպ հանցագործությունների հարցի վերաբերյալ իր պաշտոնական որոշումը պետք է ներկայացնի։

Բանաձևում նշվում է, որ այս համայնքների դեմ ԻՊ-ի իրագործած հանցագործությունները «պատերազմական, մարդկության դեմ հանցագործություն են, ինչպես նաև՝ ցեղասպանություն»։ Բանաձևը նաև կոչ է անում բոլոր երկրների ղեկավարություններին դրանք ճանաչել որպես այդպիսին և համակարգված միջազգային արշավ սկսել՝ բռնությունը դադարեցնելու նպատակով: