Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Տաքսիստները ստիպված կլինեն սպասել ևս մեկ շաբաթ

Ստանալ կարճ հղումը

Երևանյան տաքսիստներն այսօր կառավարության շենքի դիմաց էին՝ ՀՀ վարչապետի և Տրանսպորտի ու կապի նախարարի հետ հանդիպման ակնկալիքով: Նրանք պաշտոնյաներից պահանջում են խստացնել հսկողությունը չլիցենզավորված տաքսիների նկատմամբ և արգելել նրանց աշխատել անօրինական հիմունքներով:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի-Sputnik. Տրանսպորտի նախարարության տեսչությունը պատշաճ չի վերահսկում ապօրինի աշխատող տաքսիների շարժը մայրաքաղաքում: Այս մասին այսօր հայտարարում էին կառավարության շենքի դիմաց հավաքված անհատ տաքսիստները:

Նրանք պնդում են, որ դրա հետևանքով տուժում են իրենք՝ օրինական դաշտում աշխատողները:

«Մեր պահանջը հավասարությունն է: Եթե լիցենզիա է, ուրեմն բոլորի համար է: Իսկ եթե առանց լիցենզիայի աշխատում են ու չեն տուգանվում, մենք ինչու՞ ենք լիցենզիա հանել: Կա՞ որևէ մեկը, որ մեր մուծած հարկերի չափ տուգանված լինի»,- մեզ հետ զրույցում, ներկայացնելով իրենց պահանջը, ասաց տաքսու վարորդ Ստանիսլավ Սիմոնյանը:

© Sputnik / Асатур Есаянц
Բողոքում են տաքսիստները

Խնդրի հասցեատեր պաշտոնյաներից ոչ ոք, սակայն, այսօր բողոքող տաքսիստների հետ չհանդիպեց: Փոխարենը նրանց առաջարկվեց իրենց պահանջը գրավոր ներկայացնել կառավարությանը: Տաքսու վարորդների՝ վարչապետին ուղղված նամակը փոխանցվեց կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին:

Մեր հարցին, թե ինչ ընթացք կստանա կառավարությանը փոխանցված դիմումը, պաշտոնյան պատասխանեց, որ դրանում բարձրացված հարցերը կներկայացվեն համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին և նրանց հետ քննարկելուց հետո տաքսիստները պատասխան կստանան:

Վարչապետին հասցեագրված նամակից տաքսիստների սպասելիքները մեծ են: Նրանք հուսով են, որ հաջորդ շաբաթ կառավարությունից դրական պատասխան կստանան:

Հիշեցնենք, «Լիցենզավորման մասին» օրենքում անցյալ տարի նոյեմբերին կատարված փոփոխության արդյունքում անհատ տաքսիստներն իրավունք ստացան աշխատելու առանց անհատ ձեռներեց ձևակերպվելու, միայն համապատասխան արտոնագիր ստանալով և ամսական 12 000 դրամ պետական տուրք վճարելով: Իսկ առանց արտոնագրի աշխատելու դեպքում տրանսպորտի տեսչությունը պետք է հայտնաբերի կարգազանցներին ու տուգանի:

© Sputnik / Асатур Есаянц
Բողոքում են տաքսիստները