Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Մաշտոցի բաժանմունքի «ուրվականները»

Ստանալ կարճ հղումը

Անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքն աշխատում է սովորական ռեժիմով, թեև նախօրեին բաժնի ողջ աշխատակազմը հեռացվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Շինարարների 10/1 հասցեում գտնվող Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքը, չնայած ուշ ժամին, մարդաշատ է։ Ոմանք գալիս են անձնագրի հետևից ու գոհ հեռանում, ոմանք դուրս են գալիս ծանր հոգոց հանելով, քանի որ կրկին պետք է վերադառնան այստեղ։

© Sputnik / Asatur Yesayants.
Մաշտոցի անձնագրային բաժանմունքը

Նախօրեին Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամայեց աշխատանքից հեռացնել Մաշտոցի բաժանմունքի ողջ անձնակազմին։ Այս որոշումը զարմանք առաջացրեց քաղաքացիների մոտ։ Սակայն ոստիկանությունն այս որոշումը բացատրեց ոլորտում ընթացող բարեփոխումներով։ Այս տեղեկատվությունը Sputnik Արմենիայի համար հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։

Որոշ ԶԼՄ-ներ, հղում անելով սեփական աղբյուրներին, նշել են, որ զանգվածային հեռացումների պատճառ է դարձել քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքը։

© Sputnik / Асатур Есаянц
Բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմա Խալափյան

Բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմա Խալափյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` խորհուրդ տալով դիմել Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայություն, ու խնդրեց չխանգարել իրեն սպասարկել հերթ կանգնած քաղաքացիներին։ Շարքային աշխատողները նույնպես խուսափեցին մեզ հետ զրույցից։

«Ես հիմա էլ եմ տեսնում դեմքեր, ովքեր երկար ժամանակ աշխատում են այստեղ` չնայած նրան, որ երեկ լուրերով հայտնեցին, որ ողջ անձնակազմը հեռացվել է», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց քաղաքացիներից մեկը։

© Sputnik / Asatur Yesayants.
Մաշտոցի անձնագրային բաժանմունք

Անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքում փոփոխությունների մասին քաղաքացիների մի մասը տեղեկացավ մեզանից, մյուսներն իմացել էին տեղեկատվական հաղորդումներից։

Այն հարցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել երեկ, ոմանք խուսափում էին խոսել ու ժպտալով պատասխանում էին, որ ոչինչ չգիտեն ու ոչինչ չեն լսել։