ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանը նշել է, որ Մեդվեդևի այցը կայանում է բարդ ժամանակաշրջանում. Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ:
«Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների` այդ փորձը կասեցվեց»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ նախագահն անդրադարձավ նրան, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Եվ դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ:
«Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»,- ընդգծեց նախագահը:Սարգսյանը նաև ափսոսանք հայտնեց, որ ԵԱՏՄ մասնակից երկրների որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երևան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով:
«Ես չգիտեմ` դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»,-ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեդվեդևը նշեց, որ իր այցի ժամանակ բանակցություններ են անցկացրել, քննարկել երկու երկրների տնտեսական համագործակցության ողջ սպեկտրը, ստորագրել «ապագային վերաբերող կարևոր փաստաթղթեր», պայմանավորվել տարբեր հարցերի, այդ թվում՝ այնպիսի բարդ, բանավիճային և կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է, օրինակ, գազի գնագոյացումը, ինչը կարևոր է Հայաստանի կայուն զարգացման համար:
«Չեմ թաքցնի, իհարկե, կառավարական պատվիրակության համաձայնեցված պաշտոնական այցը եղավ շատ դժվար ժամանակահատվածում, բայց մենք ծրագրերը չփոխեցինք: Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից, հասկանալ, թե ինչ է կատարվում և, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ, որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով»,- նշեց Մեդվեդևը:
Ըստ ՌԴ վարչապետի` հիմա ամենակարևորը խաղաղություն պահպանելն է, բանակցային սեղանի շուրջ վերադառնալը՝ նույնիսկ անտեսելով այն, որ հիմա այդ բանակցությունների ֆոնը, մեղմ ասած, ամենալավը չէ: Խաղաղ բանակցություններին, հանգիստ քննարկումներին այլընտրանք չկա:
«Ինչ վերաբերում է Եվրասիական միության պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետաձգմանը, ես հույս ունեմ, հավատացած եմ, որ ամեն դեպքում, այստեղ ընդմիջում չի լինի: Ես, անպայման, կխոսեմ մեր Եվրասիական միության գծով գործընկերների հետ»,- ասաց Մեդվեդևը։
Նրա կարծիքով` հիմա ամենակարևորն է՝ չկորցնել տեմպը, չստեղծել ինչ-որ արհեստական խնդիրներ: Այդ պատճառով այսօր պայմանավորվածություն եղավ, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում փորձ կարվի անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը Երևանում։