ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀԱՊԿ անդամ որոշ երկրների արձագանքը, նշեց. «Այն սպասելիքները, որ մենք ունեինք ՀԱՊԿ-ից, չիրականացան»։ Այդ մասին նա ասաց ուրբաթ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Բաղդասարյանը նաև չթաքցրեց, որ որոշ առաջարկներ արդեն ստացվում են՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին, բայց նշեց, որ դրանք առայժմ չեն քննարկվում։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ Միջազգային փաստահավաք խմբերը ԼՂ տարածքում աշխատում են։ Բոլոր փաստերը կուսումնասիրվեն, ու միջազգային կառույցների հայտարարություններն արդեն այլ կլինեն։ Միջազգային հանրությունն առաջիկայում կհամոզվի, թե ով է ագրեսորը։ Ըստ նրա` ի տարբերություն ապրիլի 1-2-ին հնչած հայտարարությունների` այսօր դրանք արդեն իսկ էականորեն տարբեր են։
Ինչ վերաբերում է հայտարարված կրակի դադարեցման ռեժիմին ու սահմանված հարաբերական անդորրին, Բաղդասարյանն ասաց․ «Ես ոչ մի հրադադարի չեմ հավատում, քանի դեռ չկան հստակ պայմանագրեր»։
Այս համատեքստում նա չբացառեց նաև նոր լայնամասշտաբ պատերազմի հավանականությունն` ավելացնելով, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև դրան։