Այս օրերին ստիպված էի անընդհատ թարմացնել մարտում զոհված զինծառայողների ցուցակները։ Որոշ պահերի անհրաժեշտ էին լինում հանգստացնող դեղեր։ Երբ մի պահ հաջողվում էր պոկվել տեղեկատվական հոսքից, գալիս էր այն ողջ սարսափի գիտակցությունը, ինչը կատարում է առաջնագծում… Իսկ մենք այդ ժամանակ հարմարավետ գրասենյակում նստած` հետևում ենք Ղարաբաղում տեղի ունեցող դեպքերին։
Այս օրերին ուղղաթիռներով Ղարաբաղից Երևան տեղափոխեցին ծանր վիրավորներին, որոնց դժվար էր տեղում օգնություն ցուցաբերել։ Լրագրողներին թույլ տվեցին այցելել տղաներին։
Չնայած տաք եղանակին` ռազմական հոսպիտալի վերևում երկինքն ամպամած էր։ Մենք անցանք հոսպիտալի հարմարավետ բակ, որտեղ լսվում էր միայն «բարև ձեզ» և «բարի գալուստ», ինչպես նաև թռչունների դայլայլը։ Արդեն հոսպիտալում բեռնատար վերելակով բարձրացանք վիրավոր զինծառայողների մոտ։ Արևով ողողված սենյակում մեզ դիմավորեցին 23-24 տարեկան չորս տղաներ։ Միայն հետո մենք իմացանք, որ նրանք դեռ 20 տարեկան էլ չկան։
Հիվանդասենյակ մտնելիս հայացքս ընկավ ձախ, որտեղ պատի մոտ պառկած էր 20-ամյա Նարեկ Վարդումյանը։ Մեզ տեսնելով` նա անմիջապես նստեց մահճակալում։
Նա լավ է հիշում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Այն պահին, երբ սկսել են կրակել, նա ընկերների հետ զորամասում էր։ Նրանց տարել են դիրքեր։ Առաջնագծում Նարեկի կողքին արկ է պայթել, որի հետևանքով նա բեկորային վնասվածք է ստացել և տեղափոխվել հոսպիտալ։
«Ամեն օր զանգում եմ ընկերներիս։ Նրանք դիրքերում ամենից շատ ծխախոտի կարիք ունեն»,- ասաց Նարեկը և հավելեց, որ իր մարտական ընկերներին մաղթում է առողջություն և ոգու ամրություն։
Մինչ մենք զրուցում էինք Նարեկի հետ, մեզ հետևում էր Դավիթ Գրիգորյանը։ Չնայած նրան, որ Դավիթը կորցրել է երկու ոտքը, նա ցանկանում է շարունակել ծառայությունը, որի մասին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հոսպիտալում այցելության ժամանակ։
«Գլխիս տակ ինչ-որ կոշտ բան զգացի, շոշափեցի, պարզվեց արկ է։ Ինձ հրաշքով հաջողվեց հեռացնել այն գլխիս տակից…», — այստեղ Դավիթն ընդհատեց իր պատմությունը` հավելելով, որ ցավ չի զգացել։ Նրան հիմա ամենից շատ անհանգստացնում է այն, որ ընկերները դիրքերում են, իսկ ինքը պառկած է հոսպիտալում։
Նրա կողքին պառկած Արման Ավետիսյանը վատ է հիշում, թե ինչ է պայթել, հնարավոր է` նռնակ է եղել
«Սկզբից չհասկացա, որ ոտնաթաթս չկա։ Ուզեցի կանգնել, բայց ընկա։ Սողալով գնացի 50-60 մետր, որպեսզի մոտենամ մերոնց։ Խրամատում արյունահոսությունը կանգնեցրին»,- ասաց Արմանը և խոստովանեց, որ գլխավոր ցավն այն է, որ կորցրել է ընկերներին։
Հոսպիտալում գտնվող տղաները խոստովանեցին, որ հենց վերականգնեն ուժերը, իսկույն կշարունակեն ծառայությունը և կվերադառնան ընկերների մոտ։
Ներկա պահին Երևանի կենտրոնական հոսպիտալում բուժվում է 32 զինծառայող, նրանցից հինգը ծայրահեղ ծանր վիճակում է։