ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Մհեր Շահգելդյանը հիշեցրեց, որ ՌԴ-ը ներգրավված է ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում, իսկ կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում:
«Եթե հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումն ու հակադարձումը լիներ ավելի թույլ, գուցե Ադրբեջանը կփորձեր շարունակել պատերազմական գործողությունները` հաշվի չառնելով, թե ամբողջ տարածաշրջանը դրանում կներգրավվի, թե ոչ։ Հատկապես, որ Թուրքիային միանշանակ հրապարակայնորեն հայտարարել էր իր աջակցության մասին»,- ասաց Մհեր Շահգելդյանը` չբացառելով, որ Թուրքիան նման նպատակ ուներ, սակայն քաղաքական մեծ դերակատարում ունեցող խաղացողներն այս պահին լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը նպատակահարմար չեն համարում։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է։ Երևանը հաղորդել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, միաժամանակ Բաքուն հայտարարել է Հայաստանի ԶՈւ կողմից գնդակոծությունների մասին։ Պաշտոնական հայտարարությունների համաձայն` երկու հակամարտող կողմերը կորուստներ ունեն։ Ապրիլի 5-ին կողմերը պայմանավորվել են ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, բայց վերջնական հրադադար չի կնքվել։ Երկու կողմերը հայտարարում են փոխադարձ պայմանավորվածությունները խախտելու մասին, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։