Հայաստան
© Sputnik / Давид Галстян

Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Ստանալ կարճ հղումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը զրուցել է լրագրողների հետ և մանրամասներ ներկայացրել Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած անձանց վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրանց թվում նաև 14 տարեկան պատանի կա և մի հղի կին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ տղային վիրահատում են, իսկ հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: 14 տարեկան տղային, ամենայն հավանականությամբ, կտեղափոխեն մանկական հիվանդանոց: Հղի կինը կայուն ծանր վիճակում է և գտնվում է մանկաբարձ գինեկոլոգների հսկողության տակ: Հիվանդանոցում է նաև գլխավոր մանկաբարձը:

«Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել յոթ հիվանդ, մեկը հրաժարվել է հիվանդանոցային բուժումից և ինքնուրույն հեռացել է: Այս պահին տուժածներից երկուսին վիրահատում են: Բոլորի վիճակը գնահատվում է ծանր, որից 4-ինը՝ կայուն ծանր, երկուսինը՝ ծայրահեղ ծանր: Վիրահատություններն ավարտվում են, հիվանդների վիճակն այս պահին վերահսկելի է: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել այրվածքային, բեկորային վնասվածքներով, սալջարդերով: 20-22 տարեկան երիտասարդը տեղափոխվել է առատ արյունահոսությամբ, ստորին վերջույթի պատռված վերքով, վերջույթը հաջողվել է պահպանել»,- հայտնեց նախարարը:

Այն հարցին, թե արդյո՞ք ավտոբուսի վարորդը նույնպես տուժածների մեջ է, Արմեն Մուրադյանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել: