ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին։
Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ավտոբուսում 10 մարդ է եղել։
«Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնում Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունից հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, տուժածներին ու վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։