ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի-Sputnik. «Թումոյի» տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներից երեքը՝ Անահիտ Միքայելյանը, Էդգար Գասպարյանը և Ռոլանդ Խոջայանը, Թումոյի ուսանողներն են։ Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և՝ բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Մենք կապի մեջ ենք պատանիների հարազատների հետ և ուշադիր հետևում ենք նրանց առողջական վիճակին։ Ցանկանում ենք նրանց և դեպքից բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»։
Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։