ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Իրավապահ մարմինների աշխատակիցները ծածկել են ավտոբուսը և տեղափոխել համապատասխան վայր։
Դեպքի վայրին մոտ գտնվող բնակարանների ապակիները կոտրվել են։ Ականատեսները խոստովանում են, որ պայթյունի ձայնը լսել են ու մտածել, թե երկրաշարժ է, մյուսներն էլ կարծել են, թե հրավառություն է։
Պայթյունից տուժած տան առաջին հարկի բնակիչը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց, որ պայթյունի պահին տանը չի եղել։
«Պայթյունի պատճառով դուռը փակվել է ու չի բացվում», — ասաց տղամարդը։
Նրա խոսքով` տան ապակիներն են կոտրվել և դռներն են վնասվել։Ամենից շատ տուժել է տան մոտ կանգնած ավտոմեքենան, ապակիները ցաքուցրիվ են եղել և մինչև հիմա թափված են գետնի վրա։
«Ընդհանրապես չեմ հասկանում` այդ ի՞նչը կարող էր պայթել նման ուժգնությամբ, առավել ևս, որ ավտոբուսը գազով չի աշխատել», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Երևանում մարդատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Նրանց անունները դեռ չեն հրապարակվում։ Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։
Ваш браузер не поддерживает данный формат видео
Ըստ նախնական վարկածի` ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ։ Պայթյունը հնչել է ավտոբուսի աջակողմյան հատվածում, երկրորդ նստարանի մոտից։ Իրավապահները փորձում են պարզել այն անձի ինքնությունը, որը ենթադրաբար նստած է եղել այդ նստարանին։