Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ոստիկանությունը հրապարակել է երթից հետո ձերբակալվածի անունը

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանությունը հայտնել է նախօրեին Խորենացի փողոցում երթից հետո ձերբակալված անձի ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 27-ին, ժամը 3.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 հասցեի մոտից, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և կրելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 7 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արմեն Մ.-ն ձերբակալվել է: Կատարվում է քննություն»։

Այս գիշեր կազմակերպված երթից հետո ապօրինի զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել 64 քաղաքացի, որոնցից 63-ն ազատ են արձակվել, մեկը ձերբակալվել է, քանի որ նրա մոտ թմբուկավոր զենք է հայտնաբերվել:

Հուլիսի 26-ի երեկոյան մեկնարկած բողոքի ցույցից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջև։ Ոստիկանության հրապարակած հաղորդագրության համաձայն` փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավել Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

«Սասնա ծռեր» խումբն էլ հայտարարել է, որ «ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»: