Հայաստան
© Sputnik / Асатур Есаянц

Ադրբեջանում հայ լինելը հանցագործություն է համարվում

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանի քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով–Գալստյանին Ադրբեջանում մեղադրում են լրտեսության մեջ։ Ավելի վաղ տեղեկություն է ստացվել այն մասին, որ նա ձերբակալվել է թմրանյութերի արտադրության, պահպանման, շրջանառության և տեղափոխման համար։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանն արդեն կես ամիս է՝ գտնվում է Ադրբեջանի բանտերից մեկում իր հայկական ծագման պատճառով, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ձերբակալվածի քույրը` Մարիաննա Միրզոյանը։

Միրզոյանը պատմեց, որ եղբայրը վերջին տարվա ընթացքում աշխատել է Բաքվում, պարբերաբար վերադարձել է Մոսկվա։ Նա իր ազգանունը փոխել է կնոջ ազգանունով` Ուելդանով, և մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք։

«Մարատն ապաքաղաքականացված մարդ է։ Նա կարծում էր, որ Ադրբեջան մուտք գործելու թույլտվությունից զրկվելն ամենավատ բանն է, որ կարող է իր հետ կատարվել Բաքվում»,- ասաց Միրզոյանը։

Մարատի կալանավորման մասին քույրն իմացել է նրա գործընկեր Ելենա Մակարենկոյից, որին 15 օր պահել են մեկուսարանում միայն այն բանի համար, որ գործնական հարաբերություններ է ունեցել Մարատի հետ։

Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանը ձերբակալվել է հունիսի 9-ին Ադրբեջանի ՔՕ 234 հոդվածի 4-րդ կետի 3-րդ մասով` թմրանյութերի արտադրության, պահպանման, շրջանառության և տեղափոխման համար։ Միրզոյանի խոսքով` եղբայրը երբեք չի առնչվել թմրանյութերի հետ, իսկ այսօր արդեն նրան լրտեսության մեջ են մեղադրում։

Երբ Մարիաննա Միրզոյանն իմացել է պատահածի մասին, իսկույն դիմել է Բաքվում ՌԴ դեսպանատուն։ Նրան պատասխանել են, որ դեսպանատունը պաշտոնական տեղեկություններ չունի ձերբակալվածի մասին։

«Արդեն մեկուկես ամիս է՝ եղբայրս Բաքվի բանտերից մեկում է, և այդ ընթացքում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները չեն կարողացել այցելել նրան։ Դեսպանատան աշխատակիցները բացատրում են, որ համապատասխան թույլտվություն չկա»,- ասաց նա։

Միրզոյանը նշեց նաև, որ փոստային նամակ է ուղարկել Բաքվում ՌԴ դեսպանատուն` խնդրելով այն հանձնել եղբորը։

«Ես ուզում էի՝ եղբայրս իմանա, որ ընտանիքն անհանգստանում է իր համար։ Մենք ձեռքերը ծալած չենք նստում, պայքարում ենք նրա համար»,- ասաց Մարիաննա Միրզոյանը։

Նա ավելացրեց, որ մինչև Բաքու մեկնելը եղբայրն առողջական խնդիրներ է ունեցել, և այսօր ոչ ոք չգիտի, թե ինչ վիճակում է նա։