Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել. նա զրկված է ցուցմունք տալու հնարավորությունից

Ստանալ կարճ հղումը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին մեղադրանք է առաջադրվել և այժմ դատարանը քննում է նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթանում է խախտումներով: Մասնավորապես` Ենիգոմշյանը զրկված է ցուցմունք տալու հնարավորությունից:

«Նա պատրաստ է ցուցմունք տալ, սակայն դրա համար բրայլյան լեզվով մասնագետի ներկայությունը չի ապահովվում: Նա չի կարողանում նույնիսկ ծանոթանալ իր գործի վերաբերյալ փաստաթղթերին»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին այսօր մեղադրանք է առաջադրվել և դատարանում այժմ քննվում է նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը: Իսկ թե ինչում է մեղադրվում Ալեք Ենիգոմշյանը, Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվեց հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիքը չբացահայտելու մասին ստորագրություն է տվել:

Ալեք Ենիգոմշյանը ձերբակալվել էր հուլիսի 27-ին` «հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու» կասկածանքով: Մինչ այժմ Ենիգոմշյանը պահվում էր ԱԱԾ ձերբակալվածների պահման վայրում: Հուլիսի 28-ին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ բերման ենթարկվելիս, նրա հաշմանդամությունը հաշվի առնելով, Ենիգոշյանին տրամադրվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ:

Նիկոլայ Բաղդասարյանը, սակայն, պնդում է, որ գործի նյութերին ծանոթանալու համար պետությունը պարտավոր է Ենիգոմշյանին Բրայլյան համակարգ կամ համակարգիչ տրամադրել: