Հայաստան
crimerussia

Բանկը գրաված Արամ Պետրոսյանը վերականգնել է Երևանի Մանկական երկաթուղին

Ստանալ կարճ հղումը

Օրերս Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանն այն անձն է, որը 90-ական թթ-ին սեփական նախաձեռնությամբ ու սեփական միջոցներով նորոգեց գրեթե հիմնովին քանդված Երևանի Մանկական երկաթուղին, որն այսօր մեր մանուկների ամենասիրելի վայրերից մեկն է:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Sputnik Արմենիայի աղբյուրը, որը չցանկացավ բացահայտել իր անձը, պատանեկան տարիներից է ճանաչում Արամ Պետրոսյանին: Նա պատմում է, որ դպրոցական հասակից Արամին հիշում է որպես սովորական տղա, որևէ շեղում նա երբևէ չի ունեցել և դպրոցում վատ առաջադիմություն էլ չի ցուցաբերել:

«Դասընկերների համար լավ ընկեր էր, այնպիսին էր, ինչպիսին բոլոր «երևանցի» տղաներն են», — ասում է մեր զրուցակիցը:

Sputnik Արմենիայի աղբյուրը պատմում է նաև, որ այն միջոցները, որով Արամ Պետրոսյանը նորոգել է Մանկական երկաթուղին, իր տեղեկություններով, նա վաստակում էր Հայաստանից դուրս. սեփական բիզնես ուներ: Այնուհետև նշանակվեց ներքին գործերի նախարարի խորհրդական: Այդ տարիներին նախարարը Վանո Սիրադեղյանն էր:

Մեր աղբյուրը հիշում է նաև այն օրը, երբ Պետրոսյանը ձերբակալվեց, մարտի 8-ն էր: Լավ է հիշում, քանի որ այդ օրը հենց Արամի ծննդյան օրն էր:

Մինչ այդ լրատվամիջոցները գրել էին, որ Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը գրաված Արամ Պետրոսյանը շուրջ 5 տարի նստել է Երևանի բանտերից մեկում անօրինական զենք կրելու համար:

Sputnik Արմենիայի զրուցակիցը հիշում է նաև, որ Արամ Պետրոսյանն այդ տարիներին Ազգային հեռուստատեսության ինչ-որ խորհրդի անդամ էր: Հեռուստատեսությունում այդ տարիներին աշխատած մեր գործընկերներից փորձեցինք տեղեկանալ նրա մասին, սակայն, Արամ Պետրոսյանին հեռուստատեսությունում չէին հիշում:

Մոսկվայում բանկ գրավելու քայլն անհասկանալի է Արամ Պետրոսյանին ճանաչող մեր զրուցակցի համար: Նրա կարծիքով` դա հուսալքված մարդու արարք է: Sputnik-ի զրուցակիցը հաստատեց նաև այն փաստը, որ Արամ Պետրոսյանը Հայաստանը լքել է ազատ արձակվելուց անմիջապես հետո, և նրա մասին վաղուց տեղեկություններ չունի:

Արամ Պետրոսյանի մասին տեղեկությունների հետքերով Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նաև այցելեց Մանկական երկաթուղի:

© Sputnik / Aram Nersesyan
Մանկական երկաթուղի

Երկաթուղու աշխատակիցները հիշում են ոմն Արամ Պետրոսյանի, սակայն այդ անունը նրանց մոտ ասոցացվում է երկաթուղու նախագծողների հետ։ Երկաթուղին կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում, իսկ Մանկական երկաթուղու այսօրվա աշխատակիցները հիմնականում աշխատանքի են անցել 2000-ականների սկզբին։ Այդ պատճառով էլ նրանք չկարողացան հիշել այն մարդկանց անունները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 90-ականներին կատարված աշխատանքի հետ։ Նրանք լավ գիտեն այսօրվա ղեկավարությանը, որը սեփական միջոցներով մշտապես նորոգում է երկաթուղին ու հարակից այգին։ Միայն երկաթուղու պահակ Սուրենը հիշեց, որ ժամանակին այստեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Վանո Սիրադեղյանի նախաձեռնությամբ, և այդ աշխատանքները կատարել են Սիրադեղյանի հրավիրած մարդիկ։

Ваш браузер не поддерживает данный формат видео

© Sputnik / Արամ Ներսեսյան
Sputnik Արմենիան Արամ Պետրոսյանի վերաբերյալ մանրամասներ է ճշտել Մանկական երկաթուղում
Հիշեցնենք, որ սնանկ գործարար Արամ Պետրոսյանը չորեքշաբթի երեկոյան 4 հոգու պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում և սպառնացել էր պայթեցնել շենքը: Ավելի ուշ, սակայն, տղամարդը բաց էր թողել պատանդներին և հանձնվել իրավապահներին: Առարկան, որը նա ռումբ էր ներկայացրել, կեղծ էր եղել: ՌԴ քրեական օրենսգրքի համաձայն` Պետրոսյանի արարքը պատժվում է 6-ից մինչև 15 տարի ազատազրկմամբ: