Հայաստան
© Sputnik /

«Գուդ վինի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվող տղամարդը հայտնաբերվել է Ռուսաստանում

Ստանալ կարճ հղումը

Երևանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակում 2015թ. դեկտեմբերի 24-ին աշխատակից Արթուր Նազարյանի սպանության գործով մեղադրյալ 32-ամյա Կարեն Շահինյանը հայտնաբերվել էր Ռուսաստանի Բուզուլուկ քաղաքում:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Կարեն Շահինյանը Հայաստան է տեղափոխվել օգոստոսի 25-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Շահինյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի (սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով)և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (ավազակություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) մեղադրանքով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ մինչև ժամը 11-ն ընկած ժամանակահատվածում, տեղի է ունեցել ավազակային հարձակում՝ գումար հափշտակելու դիտավորությամբ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը որպես զենք օգտագործվող սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել գրասենյակում աշխատող Արթուր Նազարյանի որովայնի, պարանոցի և կրծքավանդակի հատվածներին՝ սպանելով նրան ու հափշտակել գումար: