Հայաստան
© Sputnik / David Galstyan

Աղավնաձոր գյուղում աշակերտները դպրոց չեն գնացել

Ստանալ կարճ հղումը

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի դպրոցը հանրապետությունում միակն է, ուր սեպտեմբերի 1-ին ոչ մի աշակերտ դպրոց չի գնացել: Աղավնաձորցիներն այդ կերպ բողոքում են ավելի քան մեկ տարի իրենց պարտք չվճարելու դեմ:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի միակ դպրոց այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ոչ մի աշակերտ չի գնացել:
Աղավնաձորցիներն այդ քայլին են դիմել իրենց չլուծվող խնդիրները պատասխանատուներին լսելի դարձնելու համար:

«Վեդի ալկո» գործարանը մինչև օրս չի վճարել 2015թ-ին մթերած խաղողի դիմաց կուտակված պարտքը:

«Ես և աշխատակիցները վաղ առավոտյան եկել էինք դպրոց, երբ տեսանք, որ 8-անց մի քանի րոպե ճանապարհն արդեն փակ էր, ու, քանի որ շատ մարդ կար հավաքված, ստույգ չեմ կարող ասել՝ երեխաները եկել ու հետ են դարձե՞լ, թե չեն էլ եկել դպրոց»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Նահապետ Մանուկյանը:

Նա, սակայն, համագյուղացիներին չի մեղադրում՝ ասելով, որ նրանք իրենց սոցիալական խնդիրները լուծելու այլ տարբերակ չեն տեսնում:

Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը մեզ հայտնեց, որ գյուղի դպրոցի ճանապարհը չի փակվել, պարզապես գյուղի բնակիչները նախապես են որոշել սեպտեմբերի 1-ին իրենց երեխաներին դպրոց չուղարկել:

«Գումար չեն ունեցել իրենց երեխաների համար հագուստ, կոշիկ, գրքեր գնելու, դրա համար էլ որոշել են դպրոց չուղարկել»,- ասաց գյուղապետը:
Գործարանի պարտքն աղավնաձորցիներին, գյուղապետի խոսքով, ավելի քան 140 մլն դրամ է:

Գյուղացիներն ամեն օր հավաքվում են գյուղի կենտրոնում, քննարկում ստեղծված իրավիճակը, փոխանակում գործարանից ունեցած վերջին տեղեկություններն ու փորձում իրենց դրամը ստանալու ուղիներ գտնել:

«1,5 տարի մարդը բերք հանձնի ու ոչ մի բան չստանա, դատարկ նստի, ինչպե՞ս կարող է լուռ սպասել»,- ասում է գյուղապետը՝ հավելելով, որ դիմել են բոլոր հնարավոր ատյաններին՝ գործարանի սեփականատիրոջը, մարզային ու հանրապետական իշխանություններին։

Նրանց պատասխանել են, որ չեն կարողանում վճարել:

Գործարանը վճարել է միայն մթերված «խարջի» տեսակի խաղողի դիմաց, որը ընդհանուր բերքի ընդամենը մի քանի տոկոսն է կազմել, իսկ «արենի» տեսակի խաղող հանձնած գյուղացիներն առ այսօր ոչինչ չեն ստացել:

Այս պահին գյուղում սպասում են մարզպետին ու գործարանի սեփականատիրոջը և վստահեցնում, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, Աղավնաձորի դպրոցում դասադուլը կշարունակվի նաև վաղը: