Հայաստան
© Photo : official site of the Investigative Committee of RA

Պարզում են Գյումրու ավագանու թեկնածուի որդու ինքնասպանության պատճառները

Ստանալ կարճ հղումը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու Արշակ Գրիգորյանի ինքնասպանության հանգամանքները, շարժառիթը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Արշակ Գրիգորյանը Գյումրու ավագանու թեկնածու ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի որդին էր։ Նախնական քննության տվյալներով, 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում ինքնասպանություն է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով. մեկ պարկուճ և մեկ գնդակ։ Այդ մասին հայտնում է քննչական կոմիտեն։

Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստը, վերցրել են անհրաժեշտ փորձանմուշներ:

Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։

Ա.Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։