Հայաստան
Dilijan Community Center

Դիլիջանից Դավոս երկար ճանապարհ կա անցնելու

Ստանալ կարճ հղումը

Դիլիջանը Հայաստանի առողջարանային քաղաքներից է՝ հայտնի իր բուժիչ ջրերով ու փշատերև անտառներով: Դիլիջանը համեմատում են շվեյցարական հանրահայտ Դավոսի հետ: Բնաշխարհի համեմատությունը, գուցե, տեղին է, այն տարբերությամբ միայն, որ Դավոսում ծնված պատանին հազիվ թե երազի շուտ մեծանալ ու օր առաջ լքել ծննդավայրը:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Դիլիջանում միայն հանուն բնության մնալու ցանկություն ունեցողներն այնքան էլ շատ չեն: Մեր հրապարակման հերոսներին հանդիպեցինք պատահաբար, Դիլիջանի կենտրոնում գտնվող սրճարանում: Ավելի ուշ տեղեկացանք, որ սրճարանը բացվել է Դիլիջանի Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ:

Կենտրոնը մեկ տարի առաջ հիմնադրվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի աջակցությամբ, հիմնական առաքելությունը դիլիջանցի պատանիների կենցաղն առավել ակտիվ ու բովանդակալից դարձնելն է:

Համայնքային կենտրոնի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վաստահեցրեց. «Դիլիջանում կյանքը եռում է, կենտրոնի նախաձեռնությամբ արդեն առաջին համայնքային թերթն է լուս տեսել, որտեղ դիլիջանցի երեխաները կարող են իրենց հոդվածները հրապարակել, գործում է նաև առցանց ռադիո»:

17-ամյա Տիգրան Աղաջանյանն օն-լայն ռադիոյում մոնտաժող է աշխատում: Դասերից ազատ ժամանակ, շաբաթվա ընթացքում մեկ-երկու օր Տիգրանն իր հասակակիցների հետ ռադիո է հաճախում, զբաղվում է հետաքրքր գործով:

«Մի քանի լրագրող Դիլիջանի համայնքում կատարվող նորությունների մասին ռեպորտաժներ է պատրաստում, քանի որ մեր եթերը հենց Դիլիջանի համար է, ունենք հաղորդավարներ, որոնք լուրերի թողարկումն են վարում»,- պատմում է Տիգրանը:

© Sputnik / Asatur Yesayants
Դիլիջանցի պատանիներ
© Sputnik / Asatur Yesayants
Հրայր Մարտիրոսյան
© Sputnik / Asatur Yesayants
Ռազմիկ և Մեդեա Հովհաննիսյաններ
© Sputnik / Asatur Yesayants
Տիգրան Աղաջանյան

Մեր երիտասարդ զրուցակիցն արդեն նաև ապագա մասնագիտության հարցում է կողմնորոշվել. որոշել է կինոռեժիսոր դառնալ: Անգամ ընտրել է առաջին ֆիլմի թեման, բայց առայժմ չի բացահայտում:

14-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը մեր այցելած սրճարանում շաբաթվա ընթացքում երկու օր, դասերից հետո մատուցող է աշխատում: Նա հայրենի քաղաքից դժգոհ չէ: Վստահեցնում է, որ դպրոցում էլ ժամանակը հետաքրքիր է անցնում: Իսկ ազատ ժամանակն անց է կացնում աշխատավայրում կամ համայնքային կենտրոնի կազմակերպած միջոցառումներում: 

Մեր այցելության օրը, Ռազմիկը, թեև աշխատանքի էր, բայց սրճարանում էր կրտսեր քրոջ՝ Մեդեայի հետ, որպեսզի նա էլ հետաքրքիր ժամանցի հնարավորություն ունենա ու մասնակցի սրճարանում կազմակերպված հերթական նախաամանորյա միջոցառնմանը:

Ռազմիկի գործընկեր Հրայր Մարտիրոսյանն էլ սրճարան էր եկել իր բակի ընկերների հետ: Հրայրը մեզ հետ զրույցում անկեղծորեն խոստովանեց, որ, ի տրբերություն Ռազմիկի, հարազատ կրթօջախից գոհ չէ, դպրոց հաճույքով չի հաճախում, դասընկերների հետ էլ գրեթե չի շփվում:

Հրայրը, թեև հանգամանքների բերումով արդեն կես տարի աշխատում է սրճարանում, բայց ամենից շատ սիրում է փայտամշակումը: Մասնագիտություն դեռ չի ընտրել, բայց վճռել է ապագայում արհեստով զբաղվել:

Հրայրը հայրենի քաղաքում իր ապագան չի պատկերացնում: Մանկական անկեղծությամբ խոստովանում է՝ Դիլիջանը չի սիրում, ուզում է մեծանալ ու տեղափոխվել մայրաքաղաք:

«Հայաստանից հեռանալ չեմ ուզում, ուղղակի Դիլիջանից դուրս կգամ, կգնամ Երևան: Դիլիջանում ապագա չկա»,- ասում է նա:

Հրայրի ընկերը՝ Արմեն Գյուրզադյանը, ևս կարծում է, որ Դիլիջանում ոչ մի հետաքրքրություն չկա:

ՙ«Սրճարանից բացի մեկ էլ Թումո կենտրոնն է ու ռոբոտաշինության խմբակը»,- ասում է նա:

Արմենի ու Հրայրի ընկերները, որոնք մեր այցելության օրը սրճարանում էին, նույնպես այն կարծիքը հայտնեցին, որ փոքր քաղաքում մեծ ապագայի հասնել հնարավոր չէ՝ լինի գիտության, սպորտի, թե արվեստի ասպարեզում: