Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Արմեն Ամիրյան. «Հին Երևան» ծրագրի իրականացման մասով որևէ խնդիր չկա

Ստանալ կարճ հղումը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հայտարարել է, որ «Հին Երևան» կառուցապատման ծրագրի իրականացմանը ոչինչ չի խանգարում: Իսկ թե ինչու շինարարությունը չի կատարվում, նախարարը չի ասել:

Արմեն Ամիրյան

Ваш браузер не поддерживает HTML5 аудио

Թե երբ, ի վերջո, Երևանի կենտրոնում կիրականանա «Հին Երևան» նախագիծը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չգիտի, բայց վստահեցնում է, որ դրա իրականացմանը ոչինչ չի խանգարում:

«Ներդրողները պետք է իրականացնեն իրենց գործառույթները, կառավարությունն էլ` իր` չխանգարելով միմյանց ու պահպանելով Երևանի պատմամշակութային միջավայրը»,- այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց Ամիրյանը:

Հիշեցնենք` ապրիլի 22-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր «Հին Երևան» նախագծի իրականացման ընթացքը: Վարչապետը պատասխանատու ոլորտների ղեկավարներին հանձնարարել էր ուշադրություն դարձնել ոչ միայն հուշարձան շենքերի վերականգնմանը, այլև ներդրումների ներգրավմանն ու շինարարության ոլորտի զարգացմանը:

«Հին Երևանը» մայրաքաղաքի կենտրոնում ապամոնտաժված պատմամշակութային հուշարձան շենքերի վերականգնման ծրագիր է, որը պետք է իրականացվի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացի և Արամի փողոցներով պարփակված հատվածում:

Ծրագրի ավարտի նախանշված վերջնաժամկետը 2010-2011 թվականներն էին: Ավելի ուշ՝ 2014 թվականին կառավարությունը «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ նախագծի կառուցապատման աշխատանքները վերսկսելու համաձայնագիր կնքեց, որի համաձայն` շինարարական աշխատանքները պետք է վերսկսվեին 2015թ-ին:

Անցել է 2 տարի, բայց այդ տարածքում շինարարություն դեռ չի իրականացվել: