ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Ադրբեջանական խնձորներն առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելու դեպքը ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը բացասական է գնահատում և ընդունում, որ այդ գործում ունեն իրենց մեղքի բաժինը:
«Համակարգը մաքրելու փուլում կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պետք է նման զանցանքներից զերծ մնան: Ես մեր մեղքի բաժինն ընդունում եմ և էլի եմ կրկնում՝ մեղավոր մարդիկ մեր աշխատակիցների շնորհիվ են բացահայտվել: Մեղավորները կպատժվեն», — լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ ինքը չի կարող հնչեցնել ձերբակալվածների անունները, քանի որ գործը քննչական կոմիտեի վարույթում է գտնվում:
«Այս գործում մեղավոր է ոչ միայն այն մաքսայինը, ով կաշառվել է և թույլ տվել ներկրել այն, այլ նաև այն մարդը, որը կաշառել է և այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով դրանց վրա ադրբեջաներեն գրառումներ», — ասաց Հարությունյանը` նշելով, որ կոմիտեի` կաշառք վերցրած աշխատակիցների ու վաճառողների արարքը «ցինիզմ» է։
Երևանի շուկաներում վաճառվող ադրբեջանական խնձորները բուռն քննարկումների թեմա դարձավ հասարակության շրջանակում։ Ավելի ուշ այդ հարցով զբաղվեցին նաև համապատասխան մարմինները։
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ Վրաստանի տարածքից պետական սահմանով ապօրինի տեղափոխել են գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր: Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները տեղափոխվել են առանց մաքսային հսկողության, կաշառքի դիմաց՝ մաքսային ծառայողների թողտվությամբ:
ՊԵԿ աշխատակիցների թույլ տրած չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ: