Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Նորընտիր պատգամավորները երդվեցին բարեխիղճ լինել

Ստանալ կարճ հղումը

Վեցերորդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստի ժամանակ պատգամավորները հնչեցրին երդման տեքստը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 18-ին, առավոտյան 10։00-ին մեկնարկեց նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներին հաջորդեց պատգամավորների երդման արարողությունը։

Նիստը նախագահող Կնյազ Հասանովը կարդաց երդման տեքստը.

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։

Պատգամավորները միաձայն գոչեցին. «Երդվում եմ»։

Նշենք, որ ՀՀ նախագահն իր ողջույնի խոսքում շնորհավորեց ՀՀԿ-ին, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներին և ՀՅԴ-ին ազատ, թափանցիկ և բարձր գնահատական արժանացած ընտրությունների միջոցով ՀՀ գալիք 5 տարիների համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համար։

«Շատ գործ ունենք, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն, տարիների մնայուն փորձ»,- ասաց նախագահը

Խոսելով խորհրդարանի օրինաստեղծ գործունեության մասին` նա նշեց, որ թերի և վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլև` վնասաբեր։ Սարգսյանն ընդգծեց, որ խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործունեությամբ չի սահմանափակվելու, քանի որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանի էական դերը բարձրացել է նաև արտաքին քաղաքական հարցերում։

Նշենք, որ այս նիստում փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեն Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները:

ԱԺ առաջին նիստում կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ նախագահը նոր վարչապետ կնշանակի։