Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Սերժ Սարգսյանի առաջարկած բանաձևը. «Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա»

Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

ՀՀ Սերժ Սարգսյանը նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստում պատգամավորներին ուղղեց իր ուղերձը։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ սկսեց շնորհավորական ուղերձով։

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար»,- ասաց նա։

Նախագահը շնորհավորեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթեց բեղուն աշխատանք։

«Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: Այսօր եկել է այդ օրը: Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ: Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները: Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն և տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար»,- նշեց նախագահը։

Անշուշտ, խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլև ընկալելի և գործուն: Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել: 

«Երբեմն ասում են, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չունենալ: Դա մինիմալիստական մոտեցում է: Այն ինձ համար անընդունելի է: Երկրի համար իրավական և քաղաքական վերափոխումների լրջագույն այս փուլում մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն»: Չէ՞ որ թերի կամ վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլև վնասաբեր է: Հանրության սպասելիքներն արդարացնող օրինաստեղծ գործունեություն իրականացնելը ձեր առաքելությունն է: Դուք՝ որպես այս գործընթացի հիմնական դերակատարներ, պատասխանատու եք դրա համար»,- շեշտեց նախագահը:

Սակայն, նրա խոսքով, խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործունեությամբ չի սահմանափակվում: Հայաստանի Հանրապետության փոփոխված սահմանադրությամբ նախատեսված անցումը կառավարման խորհրդարանական համակարգի ենթադրում է խորհրդարանի դերի էական բարձրացում նաև արտաքին քաղաքականության հարցերում:

«Այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:

Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ Միջազգային խորհրդարանական կազմակերպությունները լավագույն ու թերևս ամենալայն հարթակներից են միջազգային հանրությանն այս կամ այն թեզը մատուցելու և հայկական դիրքորոշումը ներկայացնելու համար»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով `այդ հարթակներում անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն իրականացնել, որպեսզի նվազեցնենք Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը՝ փոխարենն առաջ տանելով ճշմարտությունը:

Մայր օրենքի փոփոխությունից հետո խորհրդարանն այսուհետ օժտված է նաև սահմանադրական մարմիններ ձևավորելու՝ ընդլայնված կարևորագույն գործառույթով:

«Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ. սրանք Սահմանադրությամբ նոր կշիռ և ազդեցություն ունեցող արդարադատության մարմիններ են, որոնք կազմավորվելու են ձեր անմիջական մասնակցությամբ: Դա ժողովրդական և ժողովրդավարական բարձրագույն վստահությունն է, որ տրված է անկախ և պրոֆեսիոնալ դատական իշխանություն ձևավորելու համար: Դրա հետ մեկտեղ դուք կրելու եք այդ մարմինների գործունեության արդյունքների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքները»,- ասաց ՀՀ նախագահը:

Նա նշեց, որ պատկերացնում է նաև կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ:

«Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն դարձնել կարևոր մի հանգամանքի վրա: Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ նորացված Սահմանադրությամբ էապես բարձրանալու է կուսակցությունների դերը մեր հասարակականքաղաքական կյանքում: Նաև շեշտել ենք, որ քաղաքական կուսակցությունների հիմնական շարժիչ ուժը լինելու են գաղափարակից համախոհները: Սակայն որպես երկրի Նախագահ և որպես հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի ղեկավար՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին հորդորում եմ արդարադատություն և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց ընտրելիս կամ մարմիններ ձևավորելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով: Միայն նման մոտեցմամբ մենք կարող ենք արդարադատության գործուն համակարգ երաշխավորել»,- ասաց նախագահը:

Նա ընդգծեց, որ այդպիսի համակարգը կարող է հաջողություն ունենալ միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության:

««Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ»,- ասաց նախագահը:

Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն:

«Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը: Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն և լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով` պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և փոխկապակցվածությունն ապահովելն է:

«Պատկերացնում եմ Ազգային ժողովի և պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստիճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու և նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:
Ես դա անելու եմ նաև վաղը՝ առնվազն մինչև իմ՝ որպես Նախագահի պաշտոնավարման ավարտը»,- շեշտեց երկրի ղեկավարը:

Նա վստահաբար նշեց, որ համատեղ ուժերով կարողանալու են հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: