Հայաստան
Photolure

Փաստաբան. «Սամվել Բաբայանն «Իգլայի» տեղափոխման հետ առնչություն չունի»

Ստանալ կարճ հղումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտպան Ավետիս Քալաշյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ «Իգլայի» գործով կալանավորված Սամվել Բաբայանի մեղադրանքը մեղմացվել է:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Սամվել Բաբայանի մեղադրանքը մասամբ հանվել է, ռազմամթերքի մաքսանենգությունը վերացվել է: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը։

«Մեղադրանքի փոփոխություն է կատարվել և ՀՀ ՔՕ-ի 235 պրիմ 1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանքը վերացվել է: Մնացել է 235-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»,-ասաց Քալաշյանը:

Նրա խոսքով` Հայաստան «Իգլա» բերվել է, թե ոչ, դա այլ հարց է։

«Բայց որոշում է կայացվել, որ Սամվել Բաբայանը դեպի Հայաստան «Իգլա» տեղափոխելու հետ առնչություն չունի»,- ասաց նա:

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել 2017 թվականի մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հանվել է: