Հայաստան
© Sputnik / Михаил Воскресенский, STF

Ոչ բոլոր օձերն են վտանգավոր, բայց բոլոր օձերն էլ օգտակար են

Ստանալ կարճ հղումը

Հայաստանում տարվա շոգ եղանակին օձերն ակտիվանում են։ Վավերագրագետ Հովհաննես Հակոբյանը մի քանի տարի շարունակ նկարահանել է այդ սողուններին և կրթական ֆիլմ պատրաստել։

Հովհաննես Հակոբյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես կարելի է թունավոր օձին տարբերել ոչ թունավորից և ինչ է պետք անել օձին հանդիպելիս։

- Հայաստանում օձերի վտանգավոր տեսակները շա՞տ են։

— Իրականում Հայաստանում շատ քիչ են թունավոր օձերը։ 22 տեսակից վտանգավոր են համարվում 4-ը։ Իժերը։ Բայց մարդը կարող է թունավոր ու վտանգավոր օձի միայն մի տեսակի հանդիպել` գյուրզային։ Մյուս երեք տեսակները բարձր լեռներում են ապրում, լեռնային իժեր են համարվում և դրանց հանդիպելը քիչ հավանական է։

- Ինչո՞ւ է եղանակն անդրադառնում օձերի պահվածքի վրա։

— Հայաստանում բոլոր օձերը ձմեռվա նիրհից հետո ակտիվանում են գարնանը, երբ օրերը տաք ու արևոտ են դառնում։ Արթնանալուց հետո սկսում են կերակուր փնտրել։ Որպես կանոն` օձերը կրծող կենդանիներ, թռչուններ, մողեսներ են ուտում։ Կրծողները սովորաբար հավաքվում են բնակավայրերի մոտ, այդ պատճառով էլ օձերը հայտնվում են մարդու կենսագործունեության վայրերում։ Օրինակ` Սովետաշենի աղբանոցի մոտ, որտեղ շատ են առնետները։ Օձերը սառնարյուն կենդանիներ են։ Նրանք կարող են մահանալ կիզիչ արևի տակ, այդ պատճառով ստվեր և խոնավ տեղ են փնտրում։ Հաճախ թաքնվում են նկուղներում, տանիքներում և բնակելի տներում։ Նման պայմաններում շատ հավանական է, որ մարդն ու օձը հանդիպեն։ Այդ ժամանակ օձի մոտ գործում է ինքնապաշտպանական բնազդը։ Կարևոր է իմանալ, որ օձը երբեք առաջինը չի հարձակվում, նա միայն պաշտպանվում է։

- Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունն ու տարբերել թունավոր օձին։

— Ոչ թունավոր օձի խայթոցը նման է կատվի կծածի։ Այլ բան է գյուրզայի խայթոցը։ Եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ չձեռնարկեն, այն կարող է մահացու հետևանքներ ունենալ։ Գյուրզան մոխրագույն է, հողի գույն ունի, գլխին մանր թեփուկներ կան, բիբն էլիպսաձև է, պոչը` կարճ։ Նրան հանդիպելիս պետք չէ խուճապի մատնվել։ Պետք է հեռու կանգնել, և օձն ինքնուրույն կհեռանա։ Սակայն եթե մարդն այնուամենայնիվ չի կարողացել խուսափել գյուրզայի խայթոցից, ապա պետք է քիչ շարժվի, շատ ջուր խմի և դիմի բժիշկներին։ Մարդիկ հաճախ ագրեսիվ վարք են դրսևորում օձին հանդիպելիս և փորձում են ոչնչացնել նրան։ Սակայն պետք է իմանալ, որ օձերը մեծ օգուտ են բերում մարդկանց, քանի որ բնության սանիտարներ են. կարող են վերացնել վիրուսակիր կրծողներին։ Բավական է միայն տարբերել օձերին և համակերպվել նրանց գոյության հետ։

Ваш браузер не поддерживает данный формат видео

© Sputnik /
Վավերագրագետը պատմել է, թե ինչպես կարելի է թունավոր օձին տարբերել ոչ թունավորից և ինչ է պետք անել օձին հանդիպելիս