Հայաստան
пресс-служба ГСБПП

Առաջին սանիտարական անձնագրերը՝ թռչնամիս տեղափոխողներին

Ստանալ կարճ հղումը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր տրամադրել է առաջին սանիտարական անձնագրերը։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրել թռչնամիս ներմուծող և ամբողջ հանրապետությունում տարածող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների: Այդ մասին տեղեկացնում է ծառայության պաշտոնական կայքը։

Ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները: Սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ սկսած 2017 թ. սեպտեմբերի 1-ից սանիտարական անձնագրերի պահանջն առաջնահերթ սկսում է գործել հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար:

Թեև սննդամթերքի այլ ոլորտներում կարգը գործողության մեջ է դրվում միայն 2020 թվականի հուլիսի 1-ից, թռչնամիս տեղափոխող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել սանիտարական փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերը ստանալ արդեն այսօր:

Սեպտեմբերի 1-ից պետական գնումների շրջանակներում հաց և միս ձեռք բերող կազմակերպությունները, ինչպես նաև Երևանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները, իսկ նոյեմբերի 1-ից՝ նաև առևտրի իրականացման վայրերը, պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:

2018 թվականի ապրիլի 1-ից իրավական այդ նորմը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար: