Հայաստան
© Sputnik / Евгений Одиноков

Ջուրը կթանկանա ոչ միայն այս, այլ նաև առաջիկա տարիներին. «Վեոլիա ջուր»

Ստանալ կարճ հղումը

Ջրի սակագինը կբարձրանա, եթե նույնիսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժի «Վեոլիա ջրի» հայտը։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է ընկերության ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik, Աննա Հարությունյան, Նելլի Դանիելյան. 2018թ–ից սկսած մի քանի տարի ջրի սակագինն աճելու է` առնվազն տարեկան 6 դրամով։ Sputnik Արմենիային ասել է ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ բազիսային սակագնի 6 դրամ թանկացումը նախատեսված է «Վեոլիա ջրի» հետ կառավարության պայմանագրով և ընկերությանը տրված լիցենզիայով։

«Եթե անգամ այլ գործոններ չկան, բազիսային սակագինը բարձրանալու է 6 դրամով։ Բարձրացումը շարունակվելու է մինչև 2022թ–ը, ապա իջնելու է մինչև 2031թ–ի ավարտը։ Այսինքն`եթե այսօր բազիսային սակագինը 150 դրամ է, իջնելուց հետո այն կազմելու է 108 դրամ»,– մեզ հետ զրույցում ասաց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ ջրի սակագինն ավելացնելը «Վեոլիա ջրի» ցանկությունը կամ քմահաճույքը չէ, և ունի լուրջ տնտեսական հիմնավորում։

Նրա խոսքով` ներկայիս գործող սակագինը նախատեսված է միայն 2017թ–ի համար։ Իսկ 2018թ–ից սկսած հետագա 15 տարիներին, ըստ պայմանագրի, ֆրանսիական ընկերությունն իրավունք ունի յուրաքանչյուր տարվա համար հաշվարկել նոր սակագին, որի հիմքում ընկած կլինեն 3 հիմնական ցուցանիշ` էլեկտրաէներգիայի սակագին, վաճառվող ջրի ծավալ և սղաճ։

«Վեոլիա ջուր» ընկերությունն արդեն դիմել է ՀԾԿՀ` 2018թ–ից ջրի սակագինը 14 դրամով ավելացնելու հայտով։ Հանձնաժողովն էլ հայտն ընդունել է վարույթ և 90–օրյա ժամկետում պարտավորվել է քննարկել ու կայացնել համապատասխան որոշում։

Մուրադ Սարգսյանը վստահեցրեց, որ հայտում բոլոր անհրաժեշտ փաստարկները ներկայացված են։ «Միակ ցուցանիշը, որ կարող է քննարկման առարկա դառնալ, վաճառված ջրի ծավալն է։ Արդյո՞ք մենք այնքան ջուր ենք վաճառել, որքան պարտավոր էինք, որովհետև դա այսպես, թե այնպես ազդում է սակագնի վրա»,– ասաց Մուրադ Սարգսյանը` կոչ անելով չշտապել և սպասել հանձնաժողովի որոշմանը։

Ընկերության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն` 2017թ–ի հունվարի 1-ից ի վեր վաճառվող ջրի ծավալը Հայաստանում ավելացել է 2.5 մլն խմ–ով։

Առաջիկա տարիներին ջրի սակագնի բարձրացումը Մուրադ Սարգսյանը մեկնաբանում է համակարգում կատարվելիք ներդրումներով, որոնց շնորհիվ ջրի կորուստների ու էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման արդյունքում կնվազի նաև ջրի ծախսը` հնարավորություն ընձեռելով մի քանի տարի անց իջեցնելու սակագինը։