Հայաստան
© Photo : press office of Yerevan municipality

Քաղաքապետարանը Լենինգրադյան փողոցն անվանափոխելու մտադրություն չունի

Ստանալ կարճ հղումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է «Ելք» խմբակցության առաջարկին, ըստ որի` Երևանի որոշ փողոցներ պետք է անվանափոխվեն։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, քանի որ Սանկտ Պետերբուրգը և Երևանը քույր քաղաքներ են: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Բացի այդ, բնակիչներն արդեն սովորել են այդ անվանը: Օրենսդրությունը ուսումնասիրելուց, հասարակության և գիտական կարծիքներ լսելուց հետո փողոցների անվանակոչության հարցը վերջնական կքննարկվի»,- ասաց նա:

«Ելք» խմբակցությունը երկու օր առաջ է ներկայացրել փողոցների անվանափոխության վերաբերյալ առաջարկը:

«Պետք է լինի նաև հանրային կարծիք, հանրային քննարկում և մասնագետների հիմնավորում: Մենք պետք է ուսումնասիրենք նաև օրենսդրությունը՝ հասկանալու, թե որ փողոցները և երբ կարող ենք անվանակոչել: Դրանից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր կարծիքը կհայտնի»,-ասաց քաղաքապետը:

Նրա խոսքով՝ մենք չպետք է հրաժարվենք մեր պատմությունից: Սակայն նրանք՝ «Ելք»-ի անդամները կողմնակից են ազգային հերոսների անուններով փողոցներ անվանակոչելուն:

«Մենք համագործակցում ենք Սանկտ Պետերբուրգի հետ, քույր քաղաքներ ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցը անվանափոխել: Նաև այդ քաղաքի հետ կապված ընդհանուր պատմություն ունենք: Քանի որ Լենինգրադյան փողոցը տասնյակ տարիներ այդ անունով է կոչվել, բացի այդ բնակիչներն էլ արդեն սովորել են այդ անվանը, մենք նպատակահարմար չենք գտնում վերանվանել այդ փողոցը»,- ասաց Մարգարյանը: