Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«Ժողովուրդ». Երևանի տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա

Ստանալ կարճ հղումը

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ փոփոխությունը կանեն նենգ ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է»,- նշված է հրապարակման մեջ:

Օրաթերթին հայտնի է դարձել, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից:

«Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը»,- գրում է թերթը:

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը: