Հայաստան
Фото/Федерация Альпинизма и горного туризма Армении

Բջնիի նախկին փառքը վերադառնում է, կամ առողջարանային գոտուն նոր ազդակ են տալիս լեռնագնացները

Ստանալ կարճ հղումը

Բջնիի ժայռերի նոր երթուղիները ոչ միայն մագլցման նոր հնարավորություններ կտան լեռնագնացներին, այլև Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման նոր խթան կդառնան:

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի լեռնագնացները Բջնի առողջարանային գյուղում երեք երթուղի են մշակել, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:

Նրա խոսքով, նոր երթուղիների բացումն ու հաղթահարումը կկայանա այս շաբաթ օրը` հոկտեմբերի 28-ին:

«Այս ժայռերն առաջին անգամ ենք բարձրանալու: 50 մարդ է լինելու` մեծահասակներ և երեխաներ: Նոր երթուղիները մշակվել էին տասը օր առաջ, իսկ հիմա մենք պատրաստ ենք բարձրանալու», — ասաց Դանիելյանը:

Բջնիի ժայռերի վրա երթուղիների վերականգնումը կօգնի վերականգնել հայտնի հանգստավայրի նախկին փառքը և կնպաստի գյուղական զբոսաշրջության և սպորտի զարգացմանը:

Դանիելյանը նաև ավելացրեց, որ ժայռի բարձրությունը 45 մետր է: Ընդ որում, ըստ ալպինիստի, հոկտեմբերի 28-ը ժայռամագլցման վերջին օրն է, դրանից հետո եղանակային պայմանների պատճառով սեզոնը փակվում է:

Դեռևս խորհրդային տարիներին Բջնին հայտնի էր իր ժայռամագլցման ուղիներով, որոնք հնարավորություն էին տալիս ոչ միայն մարզվել և լինել լավ մագլցող, այլ նաև անցկացնել տարածաշրջանային մագլցման առաջնություններ: ԽՍՀՄ տարիներին սպորտային մագլցման համար ներուժ հանդիսացող Բջնին վերջին տարիներին, սակայն, անուշադրության էր մատնվել։

Բարեբախտաբար այսօր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շնորհիվ, որը ֆինանսավորում է Ռուսաստանը, հնարավոր դարձավ վերականգնել Բջնու մագլցման ժայռային հնարավորությունները, որին մասնակցություն ունեցավ նաև «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան»:

ՄԱԶԾ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի հետ համատեղ Բջնիում մշակվեցին մագլցման երեք ուղի, որոնցից մեկը նախատեսված է պատանիների մագլցման համար և ունի 4a բարդություն, իսկ մյուս երկուսը մեծերի համար` 5c-6a, 5b-5c բարդություն:

Երևանից ոչ հեռու գտնվելը (37կմ) Բջնիի համար դրական կողմ է, քանի որ քիչ ժամանակ վատնելով ճանապարհի վրա, ավելի երկար ժամանակ է հնարավոր հատկացնել մագլցմանը: Ժայռերը գտնվում են Հրազդան գետի ափի մոտ։

Фото/Федерация Альпинизма и горного туризма Армении
Ժայռեր տանող ճանապարհը
Фто/Федерация Альпинизма и горного туризма Армении
Բջնիի ժայռերը