Հայաստան
© Sputnik / Andranik Ghazaryan

Դյութիչ արևելք` հայկական շեշտադրմամբ. դուբայցի հայուհին ոգեշնչվում է Հայաստանով

Ստանալ կարճ հղումը

Արաբական Միացյալ էմիրություններում աշխատող դիզայներ Թալար Նինայի համար Հայաստանն իսկական ոգեշնչման աղբյուր է։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Թալար Նինան (Թալար Բիլեմջյան) հաճախ է գալիս Հայաստան, որովհետև հենց այս երկրում է նա կարողանում ոգեշնչվել։ Այս մասին երիտասարդ դիզայները պատմել է khaleejtimes.com-ին։

Թալարի խոսքով, Հայաստանը ուժ է տալիս և օգնում նորովի նայել ճարտարապետությանը, արվեստին ու ասեղնագործությանը։

«Դիզայները նաև բարեգործ է։ Նա Moving Forward կենտրոնի միջոցների մի մասն ուղղում է գյումրեցի երեխաներին»,- գրում է պարբերականը։

Թալարը պատմել է, որ Հայաստանից բացի, ընտանիքի հետ ճանապարհորդում է արաբական երկրներով, որպեսզի լայն պատկերացում կազմի Արևելքի մշակույթի ու պատմության մասին։ Նա արդեն հասցրել է լինել Բեյրութում, Հալեպում, Դամասկոսում։

Երիտասարդ հայուհու ապրանքանիշը ստեղծվել է 2016 թվականին, առաջիկայում նա կթողարկի իր երրորդ հավաքածուն, որը կկոչվի «Արևելյան խոստում»։

Թալար Նինան ծնվել է Լոս Անջելեսում, ավելի ուշ նրա ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ Թալարը դիզայներական կրթություն է ստացել։ Այնուհետև տեղափոխվել է ԱՄԷ, որտեղ էլ սկսել է դիզայների կարիերան։