Հայաստան
Official site of the President of RA

Ահաբեկչության դեմ պայքարը պետք է կատարելագործել. Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ստանալ կարճ հղումը

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը` ահաբեկչության դեմ պայքարը կատարելագործման անհրաժեշտություն ունի։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի և Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:

Նշվել է, որ դեռևս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը» կատարելագործման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումները, ինչին և միտված է փաստաթղթի նախագիծը:

Ահաբեկչության դեմ պայքարի առումով Հանրապետության նախագահը, որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարևորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը և միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը: