Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Ներմուծել չի կարելի, վաճառել կարելի է. նախարարությունը հայտարարություն է տարածել

Ստանալ կարճ հղումը

Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը: Նախարարությունը որոշ փոփոխություններ է արել առաջարկվող նախագծերում:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Մինչ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների սեփականատերերը պայքարում են իրենց իրավունքների համար, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ապրիլի 1-ից արգելվու է աջ ղեկով ավտոմեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը:

Նշենք, որ նախկինում նախարարությունը հայտարարել էր նաև շահագործումն ու վերագրանցումը:

Նախարարությունը հայտնում է, որ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների լրամշակված նախագծերը «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների առաջարկով 2017թ. դեկտեմբերի 28-ին քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Իսկ լրամշակված տարբերակներն արդեն ուղարկվել են կառավարություն:

Ու թեև կառավարությունն այս տարի դեռ նիստ չի գումարել և նախագծերի փաթեթը չի հաստատել, բայց նախարարության հայտարարության մեջ նշված է, որ 2018թ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը։

Նախարարությունը նաև հայտարարում է, որ մինչ այդ ՀՀ ներմուծված աջակողմյան ղեկով ավտոմեքենաների տերերը «կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները»:

Պաշտոնական տվյալների համաձայն` ՀՀ-ում աջ ղեկով շուրջ 35 հազար ավտոմեքենա կա, որոնց տերերը կառավարության նախաձեռնությունը հակասահմանադրական են համարում ու պայքարում դրա ընդունման դեմ: