Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Եթե ձերբակալված պատգամավորներին 72 ժամվա մեջ չազատեն, կզրկեն անձեռնմխելիությունից

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Ինչպես կարող է ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկել ընդդիմադիր պատգամավորներին։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եթե 72 ժամվա ընթացքում ձերբակալված ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ազատ չարձակեն, ապա ամենայն հավանականությամբ կհրավիրվի ԱԺ նիստ «ԵԼՔ»-ի ղեկավարին ու պատգամավորներին ազատազրկելու հարցով:

ՀՀ Սահմանադրության 96 հոդվածի 2-րդ կետի համաձայն` պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

«Պատգամավորն, առանց Ազգային ժողովի համաձայնության, չի կարող զրկվել ազատությունից` բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո»,- նշված է համապատասխան դրույթում:

Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ օրենքի հենց այս պահանջն էր մատնանշվում: Դատախազությունը հայտնել է, որ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին:

Սահմանադրությունը նաև նախատեսում է, որ այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Նույն օրենքով, պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ պետք է տեղեկացվի Ազգային ժողովի նախագահը, ինչը, ըստ ՀՀ ԳԴ-ի հայտարարության, ևս արվել է:

ԱԺ-ի կանոնակարգ օրենքով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելուհարցերը համարվում են պարտադիր քննարկման ենթակա հարցեր:

Կանոնակարգի 108-րդ հոդվածով այդ նպատակով միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին: Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ:

Միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով` մինչեւ քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալիս գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել, տեղի է ունենում մտքերի փոխանակություն, պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:

Եթե նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ: Եթե ԱԺ-ը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն է տալիս, Ազգային ժողովի նախագահը անհապաղ ստորագրում ու հրապարակում է որոշումը, որից հետո այն ստանում է օրենքի ուժ: