ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Երևանի հիվանդանոցներ է տեղափոխվել ոստիկանության ու երթի մասնակիցների բախումներից ու հատուկ միջոցների կիրառումից տուժած 7 քաղաքացի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«Ապրիլի 22-ին, ժամը 14։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժվում է հանրահավաքների ընթացքում տուժած 10 քաղաքացի, որից 7-ն ընդունվել է այսօր»- հայտնում է նախարարությունը:
10 տուժածներից 7-ի առողջական վիճակը, ըստ նախարարության, գնահատվում է բավարար, 3-ինը՝ միջին ծանրության:
Նրանցից 2-ը բուժում է ստանում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, 3-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 2-ը՝ «Իզմիրլյան», 3-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններում:
Կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ: