Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ձերբակալվել է 24 քաղաքացի, որոնցից մեկը՝ անչափահաս

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է 24 ձերբակալվածների մասին: 2 քաղաքացի կալանավորված է:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Անօրինական հավաքներին և զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են ևս 24 անձ: Հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Քրեական գործի նյութերով, նշված անձինք, ապրիլի 13-ից մասնակցելով անօրինական հավաքներին ու երթերին, արգելափակել են  պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ` տևական ժամանակով խախտելով դրանց բնականոն աշխատանքն ու վտանգելով հասարակական անվտանգությունը:

Բացի այդ, նրանք պարբերաբար փակել են մի շարք պողոտաներ և փողոցներ, խոչընդոտել պետական և այլ կառույցների բնականոն գործունեությանը, կազմակերպել զանգվածային անկարգություններ և մասնակցել դրանց` բռնություն կիրառելով ոստիկանության ծառայողների ու այլ անձանց նկատմամբ:

«Նշված զանգվածային անկարգությունների հետևանքով տասնյակ անձինք ստացել են ֆիզիկական և գույքային վնասներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՀՔԾ-ի՝ 24 ձերբակալվածների թվում են նաև ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն  Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, հավաքների կազմակերպիչներից Տիգրան Մազմանյանը, Արմեն Գրիգորյանը, Դավիթ Սանասարյանը: Իսկ  Գոռ Միրզոյանը, Էրիկ Խաչատրյանը, Հայկարամ Մնացականյանը և Գևորգ Մանուկյանը ձերբակալվել են անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցելու և զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրելու կասկածանքով:

Ձերբակալվածներից երեքը՝ Տիգրան Մազմանյանը, Գոռ Միրզոյանն ու  Էրիկ Խաչատրյանը արդեն մեղադրյալի, իսկ մնացածը` դեռևս կասկածյալի կարգավիճակում են: Մազմանյանի և Միրզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Է. Խաչատրյանն ազատ է արձակվել՝ հսկողության տակ մնալու պայմանով՝  հաշվի առնելով նրա՝ անչափահաս լինելու հանգամանքը:

Նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռք առնվում անկարգությունների այլ մասնակիցներին հայտնաբերելու համար:

Ըստ թեմայի

Գարիկ Մարտիրոսյանը հորդորում է հարգել ժողովրդին և արյունահեղություն թույլ չտալ
Ցուցարարները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ
Ցուցարարները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը
«Ելքը» պահանջում է ազատ արձակել պատգամավորներին