Հայաստան
© Sputnik / David Galstyan

Զարուհի Փոստանջյանին ցուցարարներն արգելեցին ելույթ ունենալ

Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա

Տեսնելով մարդկանց վերաբերմունքը` Զարուհի Փոստանջյանը իջավ հարթակից։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում փորձում էր ելույթ ունենալ նաև Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նա հարթակ բարձրացավ այն պահին, երբ հարթակից հավաքվածներին իր խոսքն էր ուղղում ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Նա Ազոյանի ձեռքից վերցրեց խոսափողն ու փորձեց ելույթ ունենալ: Սակայն, հավաքի կազմակերպիչները անջատեցին խոսափողի ձայնն ու երաժշտություն միացրեցին՝ նրան հորդորելով լքել հարթակը:


Նշենք, որ մինչ այդ կազմակերպիչները հայտարարել էին, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ցանկություն էին հայտնել ելույթ ունենալ հրապարակում, բայց պայքարի կազմակերպչական ու գաղափարական գիծը պահելու համար, ստիպված են մերժել նրանց:

«Մեր սիրելի Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ փորձում էր խլել միկրոֆոնն ու ելույթ ունենալ»,- հայտարարեց հարթակին մոտեցած Նիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը՝ մեկնաբանելով, թե ինչն է պատճառը, որ Փոստանջյանին թույլ չեն տվել ելույթ ունենալ: Բանն այն է, որ Աննա Հակոբյանի խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել էր շարժումը, Փոստանջյանը հայտարարում էր, որ Փաշինյանը ծախված է: «Մենք սիրում ենք մեր Զարուհի Փոստանջյանին, խնդրում ենք չնեղանալ: Այստեղ այլևս ծախված մարդիկ չկան: Մենք սիրում ենք բոլորին»,- հայտարարեց Փաշինյանի կինը: Նա իր ելույթում խոսք ուղղեց նաև Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հրաժարական տալ:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքը, չնայած հիմնական կազմակերպիչների ձերբակալություններին, մեկնարկեց:

Ամբիոնից հայտարարվեց նաև, որ անհնազանդության ակցիաներն ամեն առավոտ սկսվելու և օրվա ընթացքում շարունակվելու են Երևանի տարբեր թաղամասերում ու մարզային բնակավայրերում:
Կոչ արվեց նաև շարունակել գործադուլներն ու դասադուլները: Իսկ ամեն երեկոյան բողոքի ակցիաները, ձևավորված ավանդույթով, կավարտվեն Հանրապետության հրապարակում կազմակերպվող հանրահավաքից հետո:

Ըստ թեմայի

«Դա սպառնալիք չէր, այլ հիշեցում մեր պատմության մեջ դաժան և դառը օրերի մասին». Կարապետյան
Բողոքի ակցիաների ժամանակ տուժած քաղաքացիների մի մասը դուրս է գրվել
Բողոքի ակցիաները շարունակվում են առանց կազմակերպիչների