Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Շնորհավոր, մաեստրո. Արա Բաբլոյանը ջերմությամբ է հիշում Ազնավուրի հետ հանդիպումները

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ազնավուրի 94-ամյակի կապակցությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սրտանց շնորհավորել է Շառլ Ազնավուրին ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ և ջերմությամբ հիշել նրա հետ հանդիպումները Հայաստանում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

«Կատարողական բացառիկ արվեստի և հեղինակած շուրջ ութ հարյուր երգերի շնորհիվ Դուք վաղուց Ձեր ուրույն տեղն եք զբաղեցրել համաշխարհային երգարվեստում: Միաժամանակ ստեղծել եք էստրադային երգի ինքնատիպ և ունկնդրին այնքան հոգեհարազատ դպրոց` իրավամբ վաստակելով «մեծ շանսոնիե» կոչումը»,- նշված է ԱԺ նախագահի ուղերձում:

Բաբլոյանի խոսքով` Հայաստանում սիրում են Ազնավուրի երգերը, ուրախությամբ հետևում են նրա ստեղծագործական ու բեմական հաջողություններին և հպարտանում երգչով:

«Անգնահատելի է այն հսկայական աշխատանքը, որը կատարեցիք Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցով: Իսկ «Քեզ համար, Հայաստան» երգը դարձավ գթասրտության նորօրյա ու յուրօրինակ հիմն ողջ աշխարհում»,- ասել է Բաբլոյանը:

ԱԺ նախագահը մաեստրոյին մաղթել է առողջություն, երջանկություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք։

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

Ըստ թեմայի

«Ի՞նչ ֆրանսիացի, չէ՞ որ դուք հայ եք». ինչ է նվիրել Ազնավուրը ռուս դերասանին
Շառլ Ազնավուրը պատմել է ճակատագրի սարսափելի հարվածի մասին
Շարլ Ազնավուրը պատմել է, ինչպես կարելի է նրան հանգստացնել, երբ շատ բարկացած է
Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»
Այս սենյակի մասին Ազնավուրը գրեց. «Ինչպես տանը». շանսոնյեի գողտրիկ անկյունը Երևանում
Շառլ Ազնավուրը չի սիրում շատ խոսել, բայց ինչ էլ ասում է, իմաստուն է