Հայաստան
© Photo : official site of the Prime minister of RA

Կառավարությունը դռնփակ նիստ է անցկացրել. ի՞նչ է քննարկվել փակ դռների հետևում

Ստանալ կարճ հղումը

ՀՀ կառավարությունն արտահերթ փակ նիստ է հրավիրել և երկու հարց քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի քան 2 ժամ տևած նիստը դռնփակ է եղել։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` նիստում երկու հարց են քննարկել:

Կառավարությունն առաջին որոշմամբ հստակեցրել է, թե որ պետական մարմինը որ գերակա կառույցին պետք է ենթարկվի։ Բանն այն է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել նաև պետական մի շարք կառույցների ենթակայության հարցը։

Այսպես` կառավարությունը վերահաստատել է, որ սոցիալական ապահովության ծառայությունը պետք է գործի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հարկադիր կատարման, քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները` արդարադատության նախարարության, Փրկարար ծառայությունը` ԱԻՆ-ի, Պետական արարողակարգի ծառայությունը` ԱԳՆ-ի, Գիտության, բարձրագույն որակավորման և լեզվի կոմիտեները` ԿԳՆ-ի, Ռազմարդյունաբերության կոմիտեն ու զինված ուժերի գլխավոր շտաբը` ՊՆ-ի, Միգրացիոն ծառայությունը` տարածքային կառավարման և զարգացման նախարարության, զբոսաշրջության կոմիտեն` տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության տակ։

Իսկ անտառային կոմիտեն, որ նախկինում պատկանում էր գյուղատնտեսության նախարարությանը, այսուհետ կգործի բնապահպանության նախարարության, ջրային կոմիտեն` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության տակ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որ նախկինում անկախ մարմին էր, այսուհետ գործելու է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ։

Ի դեպ, ինչպես հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, նույն նախագծով նախատեսված է եղել, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն այսուհետ գործի ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության տակ, սակայն նիստի ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և այն տեղափոխել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության տակ։ Փոխվարչապետի առաջարկն ընդունվել է:

Երկրորդ հարցով կառավարությունը սահմանել է նաև պետական մարմինների կանոնադրության օրինակելի ձևերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները:

Ըստ թեմայի

Ինչպե՞ս լքել ՀՀԿ–ն. նախարարը դիմել է ուսուցիչներին ու խնդրել «զիբիլատառ» նամակ չգրել
ԱԺ նոր պատգամավորներն աշխատանքը սկսեցին երդումով
«Մի վնասիր» հաղորդաշարի վարողը նախարարի խորհրդական է նշանակվել